2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստացել է բազմաթիվ ահազանգեր՝ պատերազմական գործողությունների ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Դրանք դասակարգել ենք՝ ըստ բնույթի և ներկայացնում ենք ստորև:

Արձանագրվել են քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի խախտումներ պատերազմական գործողությունների ընթացքում

✅2020 թ.-ի հոկտեմբերի 4-ից մինչ օրս Կազմակերպությունը ստանում է ահազանգեր անհայտ կորած քաղաքացիների հարազատներից, ովքեր տեղեկություններ չունեն իրենց անհայտ կորած հարազատի մասին: Տեղեկություն ստանալու նպատակով նրանք սովորաբարր դիմում են իրավասու մարմինների թեժ գծերին և այլ հեռախոսահամարների, սակայն պետք է արձանագրել, որ ամբողջ ընթացքում դրանք պատշաճ չեն գործել: Քաղաքացիները ստիպված են եղել դիմել բոլոր այն հնարավոր կառույցներին, որոնք կարող էին տրամադրել որեւէ տեղեկություն: Դրա հիմնական պատճառը պատերազմական գործողություններում ներգրավված անձանց (անհայտ կորած, վիրավորված, զոհված, գերեվարված) վիճակի, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար մեկ միասնական կամ կենտրոնացված համակարգի բացակայությունն է թե պատերազմական գործողությունների ընթացքում, թե դրանցից հետո ընկած ժամանակահատվածում:

ՊՆ-ից, սակայն, պնդում են, որ նախարարի հրամանով ձևավորված՝ Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովն է զբաղվում այդ տվյալների հավաքագրմամբ։ Տվյալներ են հավաքագրում նաև ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները՝ ըստ գործառույթների։

Մի կողմից ՊՆ-ից հայտնում են, որ վերոնշյալ հանձնաժողովն է զբաղվում գերիների հարցերով (ինչպես կարելի է դատել այդ հանձնաժողովի անվանումից), մյուս կողմից նշում են, որ Արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն են հավաքագրում գերեվարված անձանց մասին տվյալները։

✅Բազմաթիվ են այն դեպքերը, երբ պատշաճ տեղեկատվության բացակայության պատճառով հարազատներն իրենք են սեփական նախաձեռնությամբ որոնողական աշխատանքներ իրականացրել՝ անհայտ կորած հարազատների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար․ որոշ դեպքերում անձինք ողջ են գտնվել, որոշ դեպքերում՝ մահացած:

Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անհայտ կորած, վիրավորված, զոհված, գերեվարված անձանց անունները չեն ներառվել համապատասխան անվանացանկերում կամ ներառվել են այլ ցանկերում

✅Համապատասխան մարմիններին անհրաժեշտ տեղեկությունները չտրամադրելու կամ ժամանակին չտրամադրելու հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն ներառվել համապատասխան անվանացանկերում, ինչը զրկել է նրանց կամ նրանց հարազատներին սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Նման անվանացանկերը պետք է տրամադրվեն ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության կողմից։ Անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկը ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող ճշգրտումներից հետո տրամադրվում է նաեւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

✅Ի դեպ, այս հարցով ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանում են, որ այն անձինք, ովքեր առանց հաշվառման են մեկնել ռազմաճակատ, իրենց տվյալների բազաներում չեն ներառվել։ ՊՆ-ի պնդմամբ՝ հաշվառմամբ մեկնած զինծառայողների և պահեստազորայինների մասին տվյալներին տիրապետում են։ Մինչդեռ անհասկանալի է, թե ինչպես են մարդիկ մեկնել ռազմաճակատ առանց հաշվառվելու:

Պատերազմական գործողությունների ընթացքում զորահավաքի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները չեն ենթարկվել առողջական վիճակի պատշաճ  բժշկական զննության  եւ փորձաքննության

✅Անհրաժեշտ է ընդգծել, որ պատերազմական գործողությունների ընթացքում պատշաճ կերպով չի կազմակերպվել պատերազմական գործողություններում ընդգրկվող, դրանց մասնակցած, դեռեւս ծառայության մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակի զննությունը, ինչը պահանջվում է ՀՀ Կառավարության 404 որոշմամբ: Մի շարք քաղաքացիներ առանց պարտադիր հետազոտման, անմիջապես անցել են զինվորական ծառայության: Ընդ որում, նրանցից շատերը պահեստազորում հաշվառված են եղել տարիներ առաջ, իսկ դրանից հետո ձեռք են բերել տարբեր առողջական խնդիրներ: Բացի դրանից՝ զորահավաքային զորակոչի շրջանակներում զորակոչված քաղաքացիներին  անհրաժեշտության դեպքում չեն ապահովել դեղորայքով. այն տրամադրել են հարազատները:

✅Առանձին խնդիր է եղել պատերազմական գործողություններից հետո զինծառայողների ֆիզիկական եւ հոգեկան վիճակի վերականգնումը, հոգեկան առողջության պահպանումը, ինչը չի ապահովվել դեպքերի գերակշիռ մասում: Կազմակերպության տվյալներով՝ պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, առանց պատշաճ բուժման, ապաքինման կամ ցուցված բժշկական օգնություն ցուցաբերելու, վերստին ընդգրկել են զինվորական ծառայության մեջ կամ պատերազմական գործողությունների ընթացքում կամ դրանցից հետո: Բազմաթիվ զինծառայողներ, ի թիվս ֆիզիկական խնդիրների, ձեռք են բերել նաեւ հոգեբանական խնդիրներ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ 30.01.2021 թ․-ի դրությամբ պատերազմական գործողությունների մասնակից զինծառայողներին, պահեստազորայիններին եւ կամավորականներին տրամադրվել է ըստ անհրաժեշտության հոգեբանական առաջին օգնություն եւ վերականգնման աշխատանքներ /շուրջ 6000 վիրավոր զինծառայողների, պահեստազորայինների, կամավորականների/, այնուամենայնիվ Կազմակերպություն դիմած զինծառայողները հայտնում են, որ չեն ստացել նման աջակցություն: 

✅Ոչ միշտ են պահպանվել կորոնավիրուսային վարակից զերծ մնալու անվտանգության կանոնները: Պատերազմական գործողությունների ավարտից հետո դեռեւս զինծառայության մեջ գտնվող պահեստազորային զինծառայողները վարակվել են կորոնավիրուսով, սակայն հրաժարվել են իրականացնել համապատասխան թեստավորում եւ առանց զորացրման վերաբերյալ որոշման, ուղարկվել են տուն՝ մեկուսացման, իսկ մեկուսացման ժամկետը լրանալուց հետո պահանջել են անմիջապես, առանց բժշկական զննության, ներկայանալ ծառայության: 

✅ՀՔԱՎ-ը ահազանգեր է ստացել նաեւ այն մասին, որ մինչ պատերազմը՝ առողջական խնդիր ունեցող զինծառայողներին հրաժարվել են սպասարկել բուժհաստատություններում՝ պատճառաբանելով, որ ներկայումս վիրահատական միջամտություն է ցուցաբերվում միայն պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ունեցող զինծառայողներին:

✅Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ պատերազմական գործողություններին մասնակցելու հետևանքով վնասվածք ստացած զինծառայողին տարածքային պոլիկլինիկայի բժիշկը մեկ շաբաթ անընդմեջ հրաժարվել է սպասարկել եւ հայտնել է, որ ինքն է որոշում, թե երբ սպասարկի:

Պատերազմական գործողությունների ժամանակ եւ դրանցից հետո զինծառայողների պահման պայմանների, սննդի եւ այլ անհրաժեշտ պայմանների ապահովման վիճակը

✅Կազմակերպությանը հայտնել են, որ պատերազմական գործողություններից հետո, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նոր մարտական դիրքերը կամ զինծառայողների գտնվելու վայրերը ողջամիտ ժամկետներում չեն ապահովվել բավարար պայմաններով: Զինծառայողները ստիպված են եղել քնել բանջարեղենի պահման համար նախատեսված պարկերում: Պատշաճ կերպով չի կազմակերպվել պարտադիր ժամկետային զինծառայողների եւ պահեստազորայինների հերթափոխը:

✅ՊՆ-ից պաշտոնապես հայտնել են, որ այո, կազմակերպչական բնույթի հարցեր կան, բայց վստահեցնում են, որ դրանք լուծվում են։ Ինչ վերաբերում է զինծառայողների ծառայության պայմանների, սննդի և այլ անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ՊՆ-ից նախ պնդում են, թե բոլոր զորամասերն ապահովված են պահանջվող բոլոր պայմաններով, ապա հավելում, որ նոր զբաղեցվող բնագծերում ու տեղակայման նոր վայրերում անձնակազմի կենցաղի պայմանները ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և նախատեսված էր անհրաժեշտ պարագաները ձեռք բերել 2021-ի առաջին եռամսյակում։ Նկատենք, որ գրությունը ՊՆ-ը ուղարկել է մարտի 18-ին, այսինքն՝ եռամսյակի ավարտին, երբ այդ ամենն արդեն պետք է ձեռք բերված լիներ, մինչդեռ նշում են, որ պայմանները բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Պատերազմական գործողություններում ներգրավված անձանց և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները ապահովության վիճակը

✅Պայմանագրային զինծառայողների անհայտ կորչելու հետեւանքով կասեցվել են նրանց աշխատավարձի վճարումները․ համապատասխան իրավական կարգավորումների բացակայության պատճառով սկզբում նրանց ընտանիքի անդամները ապահովված չեն եղել սոցիալական երաշխիքներով, սակայն որոշ ժամանակ անց որոշակի ծրագրերի ներդրմամբ տվալ խնդիրը ստացել է լուծում:

✅Պատերազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած անձանց հարազատները, վիրավորում ստացած, բժշկական հաստատություններում բուժում ստացած կամ բուժում ստացող քաղաքացիները չեն կարողանում օգտվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից, որովհետև պետությունը նրանց վերաբերյալ տեղեկությունները չի հավաքագրում կամ չի մշակում։ Այս խնդրով ՀՔԱՎ է դիմել 10 անձ։

✅Պատերազմական գործողությունների մասնակցելու համար  քաղաքացիների փոխհատուցումը թերի է կատարվել․ ՀՔԱՎ այդ հարցով դիմել է 4 հոգի, հրապարակում է եղել նաև մամուլում:

Արձակուրդից օգտվելու իրավունքի խախտումներ

✅ՀՔԱՎ դիմած 7 անձինք հայտնել են, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո զինծառայողներից շատերը հերթական արձակուրդի իրավունքից չեն օգտվել։ Արձակուրդ չի տրամադրվել անգամ ֆիզիկական և հոգեբանական խնդիրների առկայության դեպքում։ Արձակուրդների կասեցումը պաշտոնապես մեկնաբանում են ԶՈւ առջեւ դրված խնդիրների պատշաճ կատարման եւ ծառայության լիարժեք կազմակերպման անհրաժեշտությամբ։ Մամուլում հրապարակում է եղել նաև «Ես եմ» ծրագրով ծառայող զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու մասին:

Զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում ոչ համարժեք գրառումների իրականացում

✅Պատերազմական գործողություններին մասնակցած որոշ զինծառայողների  զինգրքույկներում չի իրականացվել համապատասխան գրառում կամ միայն նշվել է մարտական ծառայություն իրականացնելու մասին գրառումը։ Այս խնդրով ՀՔԱՎ դիմել է 1 հոգի, սակայն կան  հրապարակումներ նաեւ մամուլում։ Նույն կերպ կատարում են «վարորդ» նշումը, որովհետև վարորդները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակից:

Կազմակերպական բնույթի այլ խնդիրներ

✅Զոհված զինծառայողների հարազատները իրենց մահացած հարազատի մարմնի նույնականացման եւ մարմինը ստանալու հետ կապված բախվում են խնդիրների. նույնականացումը եւ այնուհետեւ մարմնի հանձնումը տեւում է բավականին երկար: Այդ մասին  հայտնում է նաեւ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնը՝ պատճառաբանելով, որ փորձաքննությունների աննախադեպ աճի պատճառով հնարավոր չի եղել պահպանել օրենքով սահմանված ժամկետները: Այնուամենայնիվ, հարազատները պետք է ունենան նման տեղեկությունների ստացման կանխատեսելի ժամկետներ, չմնան անորոշության մեջ:

✅Շուրջ 20 դեպքում զինծառայողների զոհվելու մասին պաշտոնապես հրապարակում է եղել նրանց մահվանից և հուղարկավորությունից երկար ժամանակ անց:

✅Տասնյակ դեպքերում զինծառայողների անունները պաշտոնապես հրապարակվել են զոհվածների ցուցակում, սակայն մինչ օրս այդ զինծառայողների մարմինները չեն գտնվել: 

✅ՀՔԱՎ-ին հայտնի շուրջ 60 դեպքում հարազատները հաստատել են զինծառայողի զոհվելու փաստը, սակայն պաշտոնապես նրանց անունները հրապարակված չեն:

✅Մի խումբ պայմանագրային զինծառայողների պատերազմական գործողությունների ընթացքում նախապես չեն տեղեկացրել, որ ներգարվվելու են ռազմական գործողություններում:

✅ՀՔԱՎ-ին հայտնի տասնյակ դեպքերում հայտարարված զորահավաքի շրջանակներում պահեստազորային զինծառայողները և կամավորագրված անձինք զորակոչվել են ռազմական գործողությունների գոտի/առաջնագիծ՝ առանց նախապես պատշաճ զորավարժություններ անցնելու: 

✅Հայտարարված զորահավաքի շրջանակներում պահեստազորային զինծառայողները զորակոչվել են այնպիսի զինվորական մասնագիտության համար, որին իրենք ծանոթ չեն եւ երբեւէ չեն առնչվել:

✅Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության աշխատակիցները հրաժարվում են պատերազմական գործողությունների մասնակիցներին տրամադրել իրենց զինգրքույկները:

✅Ահազանգ ենք ստացել այն մասին, որ պատերազմական գործողությունների մասնակիցների հաշվառման աշխատանքների սխալ կազմակերպման արդյունքում անձին ներառել են զորահավաքային զորակոչից խուսափածների ցուցակում: 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest