Խորհրդարանը վերջին քառօրյա նիստում երկրորդ ընթերցումով և ամբողջապես ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վիրավորանքի համար նախատեսված մինչև 1 մլն փոխհատուցման չափը սահմանվում է 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամի փոխարեն՝ մինչև 6 մլն դրամ:
Լրագրողական կազմակերպությունները դեռ նախագիծ ներկայացված ժամանակ էին ահազանգում, որ օրինագիծը սպառնում է խոսքի ազատությանը, իսկ տուգանքների բարձրացված չափն անտրամաբանական է և անհամաչափ․
«Այս փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան։ Իսկ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար», — նշվում էր տարածված հայտարարության մեջ։
Թեև կազմակերպությունները հենց սկզբից էին նախագծում առկա խնդրահարույց կետերի մասին բարձրաձայնում, այնուհանդերձ թե՛ Ազգային ժողովի, թե՛ օրենքը խորհրդարան բերող պատգամավորի կողմից որևէ քննարկում չնախաձեռնվեց ոլորտի մասնագետների հետ․
«Սա ցավոտ ավանդույթ է դարձել իշխանական պատգամավորների որոշ մասի մոտ, ովքեր համարում են, որ իրենք ամեն ինչ բոլորից լավ գիտեն և որևէ խորհրդատվության կարիք չունեն։ Այնինչ, նման օրինագիծն առանց պատշաճ քննարկումների չպետք է ընդունվեր։ Որոշ դեպքերում սա դառնում է ցավալի օրինաչափ երևույթ»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
ԵՄԱ-ն մեկն է այն կազմակերպություններից, որ կոչով դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով չստորագրել փոփոխություններ կատարելու մասին օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը սահմանադրական լինելը։
«Նախագծի ամբողջ փոփոխությունն ինքնին խնդրահարույց էր, քանի որ հիմքում շատ սխալ մոտեցում է դրված։ Օրենսդրական այդ կարգի նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն պրակտիկայի, վերլուծության, տվյալների ուսումնասիրման վրա։ Իսկ դատական գործերի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ նույնիսկ այն շեմը, որ գոյություն ուներ մինչև այս օրենսդրական փոփոխությունը, երբեք մինչև վերջ չի օգտագործվել դատարանների կողմից, քանի որ վիրավորանքի համար փոխհատոցումը չպետք է բերի լրատվամիջոցերի ֆինանսական սնանկացման»,- մատնանշելով 2011 թվականին ընդունված ՍԴ օրենքը, նշում է Նավասարդյանը։
Իրավապաշտպանների դիտարկմամբ, նախ սկզբում պետք է հասկանալ, թե ինչու է զրպարտությունը և վիրավորանքն այսքան տարածված Հայաստանում, ապա նոր քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։ ԵՄԱ նախագահի կարծիքով՝ խնդիրն առաջին հերթին կապված է քաղաքական դաշտում առկա մթնոլորտի հետ, որն ուղղակի լուսաբանվում է լրատվամիջոցներով․
«Սա ընդամենը հոգեբանական ճնշում է լրագրողների վրա և փորձ՝ իշխանական շրջանակների համար վրեժ լուծել այն լրատվամիջոցներից, ովքեր իրենց նկատմամբ անբարենպաստ տեղեկատվական միջավայր են ձևավորվում Հայաստանում։ Այնինչ, այլ երկրներում, այս հանգամանքը չի կարող օրենքի ձևավորման կամ փոփոխության համար հիմք հանդիսանալ»։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը նկատում է՝ հենց նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանն աչքի չի ընկնում զուսպ քաղաքական խոսքով, ինչի համար, որոշ քաղաքական գործիչներ և լրագրողներ կարող են դատական հայց ներկայացնե հենց իր դեմ։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ զրպարտության, վիրավորանքի պատժաչափերը բարձրացնելով ապատեղեկատվության դեմ չես պայքարի,
«Պետք չէ բարձր տուգանքներ սահմանել՝ ճնշելու կամ պատժելու լրատվամիջոցին, տուգանքը պետք է համարժեք լինի այն վնասին, որը տեղի է ունեցել։ Մինչդեռ այս դեպքում ես տեսնում եմ խստացումը զուտ որպես գործիք, ճնշող մի մեխանիզմ, որը ցանկանում են գործի դնել, ինչը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Լրագրողներին մահակով կամ բարձր տուգանքներով չպետք է զսպել, նրանց ընդհանրապես զսպել պետք չէ, ազատ արտահայտվելու իրավունքը պետք է սահմանափակվի միայն օրենքի շրջանակներում առկա նորմերով։ Մինչդեռ մենք ասում ենք՝ տուգանենք, որպեսզի նրանց զսպենք․․․ Զսպենք, որպեսզի նրանք չխոսե՞ն, չբարձրաձայնե՞ն անօրինականությունների, չարաշահումների մասին»։
Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նման կարգավորումը համարում է քողարկված քրեական հետապնդում՝ այն իր բովանդակությամբ քրեական բնույթի պատիժ է, այլ ոչ թե քաղաքացիական իրավունքի խախտման համար առաջարկվող փոխհատուցում: Ղազարյանը նկատում է, որ Քրեական օրենսգրքում անգամ ամենաբարձր տուգանքը հասնում է 800 հազար դրամի, իսկ այս օրենքով միանգամից երեք կամ վեց միլիոն է առաջարկվում:
«Կգտնվեն քաղաքացիներ, որ կասեն՝ ավելի լավ է մեկ-երկու տարի կալանքի տակ անցկացնեմ, քան այդ գումարը վճարեմ, ուղղակի խելահեղություն է փոխհատուցման համար նման ահռելի բարձր չափեր սահմանել։ Քաղաքական առաջնորդները թերագնահատում են խոսքի ազատությունը, սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ տուգանք»,— ասում է Ղազարյանը:
Հավելենք, որ այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Զոհրաբյանը փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով։ Ըստ պատգամավորի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության և ազատ խոսքը լռեցնելու դեմ:
«Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների և քաղաքացիների վրա, որ կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու»,- նշել է պատգամավորը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: