«Տարոնն անյցյալ չէ, նա ապրելու է դարեդար. Մեր սերունդները Տարոնի նման քաջերի մասին լսելով են դաստիարակվելու»

247

Մերօրյա հերոս 25-ամյա Տարոն Գիվարգիզյանի մասին խոսելիս նրա մայրը՝  տիկին Լաուրան, ասում է արգելել է  որդու մասին անցյալով խոսել, քանի որ նրա  ներկայությունը միշտ զգում է․ Տարոնի պես քաջերն անմահ են։

«Տարոնս պիտանի չէր զինծայության, քանի որ բանակում երկու ամիս ծառայելուց հետո ազատվել էր պարտադիր զինծառայությունից,  զորավարժությունների ժամանակ ոտքի լուրջ վնասվածք էր ստացել։ Ապրիլյան պատերազմի օրերին Տարոնն ասում էր՝  ինքն իրեն  չի ներում, որ պառկած է հոսպիտալում ու չի կարողանում պատերազմին մասնակցել։ Ասում էր՝  եթե դարձյալ պատերազմ լինի, անպայման պիտի մասնակցի, պիտի պաշտպանի մեր հայրենիքը։ Այս պատերազմին էլ նա Արցախ է մեկնել՝ ավտոբուսում թաքնվելով», — Forrights.am-ին պատմեց Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ տիկին Լաուրան։

«Տարոնս կարատեիստ է, բռնցքամարտիկ, դաշնակահար, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում դպիր է։ Նա այնպես է «Նարեկ»-ը կարդացել, որ նրան լսողը նրա ձայնը չի մոռանա երբեք։ Բացի այդ՝ ավտոէլեկտրիկ է․ արդար քրտինքով աշխատող, արարող, բարի, ավելի քան 28 ընտանիքի կնքահայր, ընդ որում՝ հետևողական, ուշադիր ու ջերմ իր բոլոր սանիկների նկատմամբ։

«Միայն Տարոնիս զոհվելուց հետո ենք իմացել, որ նա անանուն բարերար է եղել։ Միայն եկեղեցու մոմավաճառը գիտեր այդ մասին և իր այն ընկերը, որի ավտոմեքենայով միշտ գնացել են անապահով ընտանիքների տները  և իրեր տարել նրանց համար։ Նույնիսկ պատերազմի օրերին Տարոնը զանգել  է  ընկերոջն ու ասել որոշ ընտանիքների հասցեներ, որ գնա ու նրանց կոմունալ ծառայությունների համար վճարի, որ այդ ընտանիքի երեխաները ցուրտ տեղը, անլույս չմնան․․», — հերոս որդու մասին ակնածանքով պատմեց տիկին Լաուրան։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ Տարոնը շտապում էր եկեղեցի՝ պատարագի, իմացել է, որ Արցախում պատերազմ է։ Նա արագ ընկերների հետ ջոկատ է կազմել, ու եկնել Արցախ: Ընտանիքն այդ մասին  բայց Տարոնն իր ընտաիքի անդամներին  որևէ բան չի պատմել այդ մասին։

«Սեպտեմբերի 28-ին Տարոնը դեռ տանն էր։ Հաց էինք ուտում, ափսեն մի կողմ հրեց, ասաց՝ այս հացը  կուլ չի գնում։ Տղաներն այնտեղ կռվում են, ես այս տաք տեղը նստեմ, հա՞ց ուտեմ։ Ասացի Տարո՛ն ջան, արի առավոտյան գնանք, արյուն հանձնենք։ Ասաց մա՛մ, կանայք արյուն են  հանձնում, իսկ  տղամարդիկ գնում են կռիվ։», — պատմում է տիկին Լաուրան։

Սեպտեմբերի 29-ին  Տարոնն իր ջոկատի հետ արդեն  Արցախ էր հասել։ Նա մասնակցել է  Հադրութի, Վարանդայի, Մարտունիի մարտերին։

«Տարոնը զինկոմիսարիատի միջոցով չի գնացել։ Երբ արդեն գիտեի՝ Արցախ է մեկնել, դիմեցի զինկոմիսարիատ, հարցրի՝ որտե՞ղ է իմ որդին, ասացին՝ գնա՛, հպարտացի՛ր, որ նման որդի ունես, քանի որ զինծառայությանը պիտանիներին կանչում ենք, ոմանք խուսափում են։ Ինձ ասացին՝ ինչպե՞ս է ստացվել, որ Տարոնի զինգրքույկը ձեռքիս՝ ես գնացել եմ զինկոմիսարիատ, ապա գրքույկը բացեցին, ասացին՝ նա պատերազմական ժամանակ էլ պիտանի չէ ծառայության, ո՞վ է իրեն Արցախ տարել։ Ես էլ ասացի՝ որևէ մեկը չի տարել, ինքն է ինքնակամ գնացել, —  ասաց տիկին Լաուրան։

Տարոնը Զոհվել է հոկտեմբերի 29-ին․․«ԱԹՍ-ի հարվածից Մասիվի 11 հոգանոց ջոկատը զոհվել է․ Տարոնն էլ է այդ ջոկատի կազմում է եղել։ Զոհվելուց մի քանի օր առաջ Տարոնն իր մայրիկին ասել է՝ մարտերը թեժ են, ապա հորդորել է՝ ինչ էլ լինի, չճնշվել ու չխեղճանալ։ Միշտ խնամված տեսքով լինել ու հպարտ։

«Ես իմ Տարոնին խոստացել եմ, որ այդպես էլ անելու եմ։ Ես հպարտ եմ, որ հերոս որդի ունեմ», — հպարտանում է  տիկին Լաուրան։

«Մինչև այսօր   որևէ պետական այր մեր տան դուռը չի թակել, չի ասել՝ շնորհակալ ենք, որ այսպիսի զավակ եք դաստիարակել, որն իր կյանքն է նվիրել հայրենիքին», — արցունքները պահել չկարողանալով՝ ասաց տիկին Լաուրան։

Պատերազմ մեկնելիս Տարոնը 24 տարեկան էր, դեկտեմբերի 29-ին լրացել է նրա 25-ամյակը։ Մայրն ասում է՝ Տարոնին ճանաչող բոլոր մարդիկ գիտեն՝ իր հասակակիցներից շատ ավելի հասուն ու խոհեմ տղա է։

«Այո՛, ես արգելում եմ Տարոնի մասին անցյալով խոսել։ Տարոնի մոտ գնալիս  ասում եմ՝ գնում ենք «Տարոնի մոտ»։  Ես թույլ չեմ տալիս, որ ինձ ասեն՝ «ցավակցում ենք»։ Պետք է ասեն՝ շնորհակալություն,  որ  Տարոնի պես որդի  եմ դաստիարակել։ Տարոնն այցյալ չէ, նա ապրելու է դարեդար։ Մեր սերունդները Տարոնի նման քաջերի մասին լսելով են դաստիարակվելու»:

Մանրամասները տեսանյութում.

Հասմիկ Բալեյան