«Կոչ ենք անում նախագահին՝ չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»

97

Լրագրողական մի խումբ կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ ընդունած՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումը եռապատկելու օրենսդրական նախագծի վերաբերյալ:

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։

Այս փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան։ Իսկ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար։

Փաստորեն, չանսալով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությանը, հորդորներին ու կոչերին՝ օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող մի ռեպրեսիվ նախաձեռնություն, որը հիմնված չէ մասնագիտական խորն ուսումնասիրության ու վերլուծության վրա և հետապնդում է նեղ քաղաքական շահեր։ Նախագծի նախնական տարբերակում, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, ենթադրվում էր հնգապատկել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմերը։

Ավելի ուշ, ԱԺ քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, որոշվեց սահմանափակվել այդ շեմերի եռապատկմամբ, ինչը բնավ էլ հարցի փոխզիջումային լուծում չի կարելի համարել, քանի որ այդ չափերը նույնպես համադրելի չեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ընդհանրապես և լրատվամիջոցների ֆինանսական կարողություններին՝ մասնավորապես։

Ամենևին չպաշտպանելով վիրավորողներին ու զրպարտողներին՝ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ այս փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի, արտահայտվելու ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։ Բացի այդ, սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար և դրդել նրանց ընդդեմ ԶԼՄ-ների ավելի խիստ վճիռների կայացման։ Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությամբ խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

– ՀՀ նախագահին՝ չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

– Միջազգային կազմակերպություններին՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ և հորդորել իշխանություններին՝ վերանայել խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ