Ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի մայրը՝ Էլմիրա Սվարյանը,  որդու մահից հետո կորցրել է քունը: Երկար ժամանակ քնաբեր էր օգտագործում, բայց դա էլ չի օգնում: Էլմիրայի գիշերները մղձավանջի են վերածվել: Որդին ընտանիքի փոքրն էր, սիրված, փայփայված երեխա: Էլմիրան չի հասկանում, թե ինչու են քննչական մարմիններն այսքան համառորեն խուսափում նրա սպանությունը բացահայտելուց:

«Ազգային ժողովը օրենք հանեց, որ փողոցային շներին իրավունք չկա  վնասելու, իսկ զինվորներին՝ կ՞ա: Ուրեմն, մեր երեխեքը էդ շների չափ չկան, որ սպանում են, «դնում» են՝ ինքնասպան, ու էդ երեխու պատիվը զրոյացնում: Շներին ավելի շատ են պաշտպանում, քան զինվորներին», — երկար մտորելուց, լրատվությանը ուշի ուշով հետևելուց, որդու գործով քննիչների  հետ զրույցներից հետո եզրակացնում է կինը:

2000 թվականին ծնված Գալոյանը, որը ծառայում էր Արցախում, Հադրութի զորամասում, մահացել է 2019 թվականի հուլիսին, գլխի հրազենային վիրավորումից: Քննիչները համառորեն չհրաժարվեցին տղային ինքնասպան դարձնելու իրենց նպատակից,  չնայած բավականաչափ փաստերի, որոնք վկայում են, որ տղային սպանել են:

Քննչական կոմիտեն ավարտել է գործի քննությունը, նյութերն ուղարկել է կողմերին: Դրանց ծանոթանալուց հետո Էլմիրան վերջնականապես հուսահատվել է: Ո՞վ և ինչո՞ւ է որդուն մահից կարճ ժամանակ անց հասցրել դատաբժշկի կողմից ֆիքսված 22 մարմնական վնասվածքները, ինչո՞ւ ինքնաձիգից կրակված փամփուշտների թիվը՝ 16, չի համընկնում դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների թվին՝ 5, ո՞վ է սպանությունից հետո Գալոյանի մարմինը դրել վրան-թիկնոցի մեջ, որում, իբր՝ հայտնաբերել են դիակը, իսկ զենքը՝ նրա կողքին, եթե որդին ինքն իր ծնոտին կրակել է, միջանցիկ վիրավորում ստանալով, ինչո՞ւ է դատաբժիշկը երկու փամփուշտի մուտք ֆիքսել, և վերջապես՝ ինչո՞ւ է Վոլոդյան մահից մի քանի րոպե առաջ իր մորեղբոր տղային հեռախոսով ասել, որ դիրքի ավագի հետ ունի խնդիր ու ասել էր, որ օգնի իրեն:

Դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի մասին քրեական գործում ասվում է, որ Գալոյանը նրա հետ վեճ է ունեցել, թաքուն բջջայինը հերթապահության վայր տանելուց ու թաքցնելու պատճառով, որ վիճաբանության ընթացքում կրակել էր նրա վրա, բայց վրիպել է, իսկ Գալոյանը, իբր՝ ծանր տանելով այս միջադեպը, գնացել է չեզոք գոտի ու ինքնասպան եղել:

«Իրենք ընդունել են, որ երեխուս վրա երկու մուտք կա: Քննիչին ասում եմ՝ երկու խողովակներով է սպանությունը եղել, ես հասկանում եմ: Քննիչն ասում է՝ զենքը դրած է եղել կրակահերթի ռեժիմի վրա, դրա համար ոչ թե մի մուտք կա, այլ երկու: Զենքի փորձաքննության մեջ գրած չի, թե ինչ ռեժիմի վրա է դրված եղել: Ասում եմ՝ ինչու է զենքի ձգանի վրա ցեխ եղել քսած: Ասում է՝ դու ինչ գիտես, ինչ եղանակ է եղել այդ օրը: Ես վստահ եմ, որ դիտավորյալ են զենքի ձգանին ցեխ քսել, որ մատնահետքերը մաքրեն վրայից: Այան-ափաշքյարա սպանություն է», — ասում է Էլմիրա Սվարյանը:

Նախաքննության ավարտին գործով քննիչ է փոխվել, և նոր քննիչը չի կարողացել պատասխանել Էլմիրայի հարցերին: Ասել է, որ այս գործից տեղյակ չէ, որ «գլուխը պրծցնի» Էլմիրայից: 

«Ես չգիտեմ, ում դիմել, ի՞նչ անել: Չգիտեմ, արդեն խճճվել եմ, արդեն խելագարվում եմ: Մեր արդարություն ո՞ւմ կողմից հաստատվի, լավ», — հարցնում է Էլմիրա Սվարյանը:

Նա իրեն լավ կզգա, եթե երեխայի սպանողը պատժվի ու նրա պատիվը վերականգնվի: Զինվորի մայրը ֆիզիկապես թույլ է, հիվանդ, ապրում է Արագածոտն գյուղում, հարազատների աջակցությամբ, Վոլոդյայի տատիկի հետ, տղայի նկարներով ու իրերով իրեն շրջապատած:

Տուժողի ներկայացուցիչը՝ «Լրագրողներ հանուն մարդու  իրավունքների» կազմակերպության փաստաբան Խանում Մկրտչյանը բողոք է ներկայացրել նախ քննչական մարմին, պահանջելով նոր քննություն, և մերժվել է: Փաստաբանը բողոք է ներկայացրել նաև գլխավոր դատախազին: Վերջինս Խանում Մկրտչյանի բողոքները հետ է ուղարկել այն նույն քննիչին, որի գործողությունները տուժող կողմի դժգոհությունն են հարուցել, ձևականորեն առաջարկելով քննարկել և քննարկման արդյունքների մասին հայտնել բողոքաբերին:  

«Դա նշանակում է՝ գնա, քո դեմ ուղղված բողոքները դու էլ քննի: Ես բողոքում նշել եմ, թե ինչ խախտումներ ու թերություններ է թույլ տվել քննիչը, ապա նաև գրել եմ բողոք՝ որ քանի որ այս ինչ հանգամանքները պարզված չեն, այսինչ գործողությունները ավարտված չեն, դուք չեք կարող ավարտել նախաքննությունը: Դատախազը պետք է մերժեր, կամ բավարարեր բողոքները: Սակայն  նա, փաստորեն, հանցավոր անգործություն է ցուցաբերել: Քննիչի որոշումը պետք է վիճարկվի դատական կարգով», — ասում է Խանում Մկրտչյանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest