Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման ենթարկված, ապա «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում «մահացած» հայտնաբերված Արմեն Աղաջանյանի  իրավահաջորդի և դատախազի բողոքները․

«Թեպետ սպասումներ չունեինք, բայց Վճռաբեկ դատարանը թե՛ իմ, թե՛ Դատախազության բողոքները վարույթ ընդունեց։ Հույս ունեմ, շուտով առաջին խոշտանգման գործով կարևոր որոշումը կունենանք»,- Forrights-ի հետ զրույցում նշում է տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

Դեռ 2019 թվականին Աղաջանյանին խոշտանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանն Առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվեց ու հենց նիստերի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավոր Դավիթ Բալայանն ամբաստանյալին մեղսագրվող արարքը վերաորակեց․ խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալին ճանաչեց անմեղ, մեղավոր ճանաչելով միայն Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վերաորակված հոդվածների վրա համաներում կիրառվեց և Հովհաննիսյանն ազատ արձակվեց:

Վերաքննիչն էլ, թեև հաստատված էր համարել խմբի կողմից տղային ծեծի ենթարկելու փաստը, սակայն գտել էր՝ քանի որ բռնությունը տեղի չի ունեցել որևէ գործիքի միջոցով, ապա բողոքը բավարարելու հիմքեր առկա չեն․

«Սա նախադեպային որոշում կարող է դառնալ։ Եթե վճռաբեկ բողոքի քննությունը արդար ընթացք ստանա, Վերաքննիչ պետք է պատասխանի մի շարք հարցերի․ օրենքում որևէ պարտադիր պայման չկա, որ պետք է լինի հոգեբանական ցավի վերաբերյալ ապացույց, որ արարքը դիտվի որպես խոշտանգում։ Առկա բոլոր հանգամանքները Վճռաբեկ դատարանի կողմից պետք է մանրամասն ուսումնասիրվեն ու դիտարկվեն։  Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ-ին չդրեց այնպիսի պայմաններում, որ գործը գնա Մարդու իրավուքնների եվրոպական դատարան և ընդդեմ Հայաստանի ևս մեկ որոշում բերվի»,- նշում է փաստաբանը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ը մի քանի դեպքով արձանագրել է, որ եթե խոշտանգման փաստը փորձում են կոծկել՝ վերաորակելով պաշտոնեական լիազորությունների անցում, դա հանդիսանում է Եվրոպական կոնվեցիայի 3-րդ հոդվածի խախտում։

Ղարագյոզյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ձևավորված արատավոր պրակտիկա է, որ տարիներ շարունակ խոշտանգման փաստը վերաորակվի այլ հոդվածով և մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։

Տուժողի իրավահաջորդ Արմեն Աղաջանյանի մոր՝ տիկին Գայանեի համար անսպասելի էր վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու հանգամանքը։ Չնայած չի վստահում դատական համակարգի արդարությանը, սակայն շեշտում է՝ եթե Վճռաբեկը բավարարի իրենց պահանջները և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, դա կլինի ոչ միայն իր, այլև տուժած շատ ծնողների հոգու հանգստությունը․

«Ես իմ տղային հետ չեմ բերելու, բայց թույլ էլ չեմ տա՝ իմ նման ծնողներ էլի լինեն, որ զգան, թե իրենց երեխուն մի քանի ժամվա մեջ ինչ օրն են գցում։ Ես տեսել եմ իմ տղային լրիվ առողջ, հաջորդ օրը՝ վնասվածքներով, կապտուկներով դիակն են բերել տվել ձեռքս։ Չնայած վերջին դատական նիստերից արդեն պարզ էր դառնում, որ Արմեն Հովհաննիսյանին ազատելու են, բայց ես մինչև վերջ հույս ունեի, որ Բալայանն արդարացի որոշում կկայացնի։ Իմ հաշմանդամ տղուն սպանելու աստիճան ծեծում են՝ ուղղակի չբարևելու համար, հետո ինքնագոհ դեմքով մտնում են դատարան ու անմե՞ղ ճանաչվում, է՞ս ա արդարությունը։ Հայաստանը պետք ա ցավով արձանագրի, որ ևս մեկ խոշտանգող ազատ արձակվեց»,- Forrights-ին իր վրդովմունքն է կիսում տուժողի մայրը։

Հովհաննիսյանից բացի, այսօր ամբաստանյալի աթոռին հայտնվել են ՔԿՀ ևս երկու աշխատակիցներ՝ Հրաչյա Նիկողոսյանը և Յուրա Աբրահամյանը։ Նրանց գործն այս պահին դատարանում է։ Փաստաբանը նկատում է, եթե Վճռաբեկի որոշմամբ ճանաչվեց խոշտանգման փաստը, ապա այն կտարածվի նաև Նիկողոսյանի և Աբրահամյանի վրա․

«Կարծես տուժող կողմի վրա դրված լինի Արմենի խոշտանգման փաստը բացահայտնելու բեռը։ Այնինչ ՄԻԵԴ-ի վճիռներով պետք է պետությունը ապահովի, որ խոշտանգում տեղի չունենա։ Այս գործը, եթե Եվրոպական դատարան ուղարկվի, Հայաստանի համար խայտառակություն կլինի»,- նշում է Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ Աղաջանյանն ամիսներ շարունակ եղել է հետախուզման մեջ «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի հետ կապված»: 2017 թվականի մարտին նրան կալանավորել են և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ, անտեսելով Արմենի առողջական վատ վիճակը և կողի հատվածում առկա բաց աղիքը, ծեծել և բռնության են ենթարկել: Ամիսներ անց՝ հանգամանքների բերումով, Արմեն Աղաջանյանին տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ,  որտեղ 5 օր անց նրան հայտնաբերել են սավանից կախված վիճակում։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest