Կուրսանտի գործ. պաշտպանական կողմը երեք ամիս է ճառին անպատրաստ է ներկայանում

72
Ամբաստանյալ Վաչե Սահակյանը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով այսօր դատարանը պետք է պաշտպանականը ճառ լսեր։ Սակայն, ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նիստի սկզբում հայտարարեց, որ կարևոր միջնորդություն ունի ներկայացնելու։

Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալի ընկերը՝ Սամսոն Շահումյանը կապ է հաստատել գործով անցնող առանցքային վկա Սամվել Սերոբյանի հետ և վերջինս կարևոր տեղեկություններ է ներկայացրել․

«Սամվելի հետ հեռախոսազրույցի ընթացում Սերոբյանն ասել է, որ իրականում Հայկազի սպանության օրը ոչինչ չի տեսել և ոչինչից տեղյակ չէ։ Վկան ասել է, որ իր փոխարեն քննիչներն են ցուցմունքները գրել, դրա համար ինքը դատարան չի ներկայացել և լքել է Հայաստանը։ Զրույցի ընթացքում Սամվելն ասել է, որ գործի քննության ընթացքում իրեն 2,5 տարի անօրինական պահել են մեկուսարանում, որտեղ դաժան ծեծի է ենթարկվել փայտերով և խողովակներով»,- միջնորդության հիմքում նշում է փաստաբանը։

Ըստ Նադիրյանի՝ վկան չի ցանկացել ներկայանալ նիստերին, քանի որ իր վրա «բոչկա են գլորում» և միևնույն է, չեն հավատալու իր խոսքերին, ավելին՝ սուտ մատնության համար «նստեցնելու են»։

Վերոնշյալը հաշվի առնելով, պաշտպան Նադիրյանը միջնորդեց դատաքննությունը վերսկսել, Շահումյանի և Սերոբյանի խոսակցություններով լազերային սկավառակները կցել գործին և մասնավոր հարցման ենթարկել Սամսոն Շահինյանին։

Դատավոր Դավիթ Հարությունյանը, ընդմիջեց նիստը, որ կողմերը կարողանան ծանոթանալ խոսակցության վերծանված տեքստային տարբերակին։

Միջնորդությանը և հեռախոսային խոսակցությանը ծանոթանալուց հետո, պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։ Մովսես Ազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը նշեց, որ Սերոբյանը 13 անգամ հարցաքննվել և բոլոր ժամանակ տարբեր ցուցմունքներ է տվել։

Տուժող կողմը և դատախազները միաձայն առարկեցին կրկին դատաքննության փուլ անցնելուն։ Դատախազ Հարությունյանը Սերոբյանի և Շահումյանի հեռախոսազրույցում մի շարք փաստական հանգամանքերի խեղաթյուրումներ հայտնաբերեց։ Նա նկատեց, որ վկայի նշած՝ 2,5 տարի մեկուսարանում մնալու հանգամանքը չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ նախաքննության ընթացքը տասն ամիս է տևել, այնինչ գործը դատաքննության փուլ է մտել արդեն իսկ նոյեմբեր ամսին․

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը ևս առարկեց՝ միջնորդությունն անհիմն որակելով։ Նա կրկին բարձրաձայնեց այն հանգամանքը, որ նմանատիպ միջնորդություններով երկարաձգում են գործի քննությունը․

«Սա ընդամենը հերթական հետաձգման արհեստական փորձ է, առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ գործի ավարտին մոտ պաշտպանական կողմը փորձում է նոր միջնորդություններով ժամանակ շահել։ Իսկ Սամվել Սերոբյանի առաջ ուղղակի տղայական հարց է դրվել և նա ցանկանում է տղաների մոտ մաքուր դուրս գալ, այդքանը»,- նշեց Թորոսյանը։

Դատարանը խոսքի իրավունք տվեց նաև ամբաստանյալ Սահակյանին։ Վերջինիս համար նորություն էր Շահումյանի արարքը։ Վաչեի խոսքով՝ ինքն ու Սամսոնը մոտ ընկերներ չեն եղել։

Միջնորդությունը վրդովեցրեց Հայկազի հորը․ Արկադի Բարսեղյանը պատմեց, որ միակ նիստից հետո, երբ Սերոբյանը դատարան էր ժամանել, ինքը առանձնազրույց է ունեցել նրա հետ․

«Մոտեցել եմ, ասել եմ՝ Սամվել ջան, ճիշտն ասա, ջահել տղերք են, չեմ ուզում անմեղ տեղը նստեն, իրե՞նք են արել, թե՞ ուրիշները։ Ասեց՝ հոպար ջան, հարյուր տոկոս իրանք են եղել։ էլ վերջ, էլ էստեղ ուրիշ ի՞նչ թեմա կա»։

Կողմերին լսելուց հետո, դատավոր Հարությունյանն առանց խորհրդակցական սենյակ գնալու, որոշում կայացրեց մերժել ներկայացված միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Դատարանը ևս նկատեց, որ պաշտպանական կողմը դատական գործընթացը երկարաձգելու միտումներ ունի։

Միջնորդության քննությունից հետո, դատարանը պաշտպանական կողմից ճառեր էր ակնկալում, այնինչ այս շաբաթ ևս երեք պաշտպաններից և ոչ ոք պատրաստ չէր։ Այս հանգամանքը բարկացրեց դատարանին։ Հարությունյանը նկատեց, որ դեռ ամիսներ առաջ է կողմը տեղյակ եղել, որ պետք է ճառին պատրաստվի․

«Եթե հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը կրկին ճառ չներկայացնի, դատարանը կշարունակի դատական քննությունը և վերջին խոսքի իրավունք կընձեռի մեղադրանքի կողմին և ամբաստանյալներին»։

Դատական նիստը հետաձգվեց։ Քրեական գործի քննությունը կշարունակվի մարտի 29-ին։

Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը գործով անցնող ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար պահանջել էր 20, իսկ Մովսես Ազարյանի և Նորայր Սահակյանի համար՝ 18 տարի ազատազրկում։ Արկադի Բարսեղյանի և Անի Թորոսյանը՝ ցմահ ազատազրկում։

Ռոզա Վարդանյան

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը