«Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ»․ վարչապետ

96

Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, ֆեյսուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով կառավարության հայտարարությունը։

Հայտարարությունում նշվում է, որ վարչապետը մարտի 10-ին Հանրապետության նախագահի Արմեն Սարգսյանին առաջարկություն էր ներկայացրել՝ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

«Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին», — ասվածէ հայտարարությունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, նույն օրն ավելի ուշ միջնորդեց նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։

Հիշեցնենք՝ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո Դավթյանը ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ 2020-ի հուլիսից մինչև նոյեմբեր Դավթյանը զբաղեցրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

Նշենք նաև, որ ԶՈւ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել էր ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։