«Ասում էր՝ մամ, սրանք Մոնթեի դիրքերն են, մենք իրավունք չունենք հանձնելու. Մոնթեի դիրքերը միշտ պետք է անառիկ մնան»

545

«Մեզ սարքեցին հերոսի ընտանիք»,-ասում է Էրիկ Գալստյանի մայրը՝ Արուսյակ Գալստյանը՝ հյուրասրահի անկյունում նստած: Արյուսյակը՝ սեղանին դրված որդու նկարներն է ցույց տալիս ու պատմում, որ տղան նկարվել չէր սիրում:

«Միշտ ասում էինք՝ գոնե մի երկու նկար ուղարկեր: Բայց էս նկարներում էնքան ուրախ ա: Զգացվում է, որ սիրով է նկարվել… »,- շարունակում է Արյուսյակը:

Էրիկ Գալստյանը զորակոչվել էր բանակ 2020 թվականի հունվարին: Բանակում ծառայել է որպես վարորդ: Ծնողները պատմում են, որ պատերազմի ընթացքում զենք ու սնունդ է մատակարերել տարբեր դիրքեր, եղել է  Ջաբրայիլում, Հադրութում, Ֆիզուլիում և այլ տեղերում:

«Երբ շատերը զոհվել են, վարորդներ չեն մնացել, Էրիկն ասել է, թե ոնց կարող է տղերքին սոված թողնել կամ առանց զենք: Էդ պատճառով շատ զինվորներ են իրեն ճանաչում:  Երեք անգամ իր մեքենան տրաքացրել են, բայց ողջ է մնացել: Հադրութում հոկտեմբերի 23-ից շրջափակման մեջ է եղել մեկ շաբաթ: Մենք դրա մասին չգիտեիք, միայն եղբորն էր ասել: Երբ շրջափակումից դուրս էին եկել, զանգել էր եղբորը ուրախ պատմել էդ մասին»,- մանրամասնում է մայրը:

Էրիկը պատերազմի ընթացքում ոչ մի օր չի բողոքել ոչ մի բանից: Փոխարենը 34 օրվա ընթացքում ինքն էր զանգում և ընտանիքին հանգստացնում: Պատերազմից քիչ բան է պատմել, հիմնականում ինչ-որ մանրամասներ ասել է միայն եղբորը:

«Ասում էր՝ այ մամ, դու հո՞ ղզիկ չես, երեք տղա ունեցող մայրը ո՞նց կարա լաց լինի: Ամեն անգամ հիշում ենք դա ու էդ խոսքերով ենք ապրում: Չէի կարողանում խոսել հետը: Անընդհատ ասում էր՝ լավ է լինելու ամեն բան, հանկարծ չմտածես, չընկճվես: Ասում էր՝ մամ գիտես` էս ի՜նչ հողեր են: Եթե կորցնենք, չես պատկերացնում ինչեր ենք կորցնելու: Սրանք Մոնթեի դիրքերն են, մենք իրավունք չունենք հանձնելու, մեր դիրքերը կորցնելու, Մոնթեի դիրքերը միշտ պետք է անառիկ մնան: Էսօր ցավ ենք ապրում էդ հողերի համար, իրոք ցավ ենք ապրում, որ մեր երեխեքի արյան գնով պահվում էին, ու հիմա չկան»:

Ծնողները որդուց վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 28-ին: Այդ օրը զոհվել է Էրիկի հորեղբոր որդին՝ Վարդես Գալստյանը, ով կամավոր էր մեկնել ռազմաճակատ:

«Էդ օրը Էրիկը զանգեց, զգաց, որ նեղված ենք խոսում: Հարցրեց՝ հո բան չի պատահել: Չասացինք Վարդգեսի մահվան մասին: Դրանից հետո էլ չզանգեց: Մի քանի օր մտածում էինք, թե Վարդգեսի մասին է իմացել, նեղվել է, դրա համար չի զանգում: Չգիտեինք իր դեպքի մասին…»,- ասում է հայրը՝ Սայաթ Գալստյանը, ով նույնպես կամավորագրվել էր:

Մինչև նոյեմբերի 12-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Էրիկի մասին: Սայաթ Գալստյանը երկու անգամ գնացել է Արցախ, և որդու մահվան դեպքի մասին այնտեղ է իմացել: Դեպքի մասին ընկերներից է իմացել:

«Հոկտեմբերի 29-ին է եղել, երբ Էրիկը արդեն դիրքերում է եղել: Իրենց վաշտի հրամանատարն է զոհվել և խառնաշփոթ վիճակ է ստեղծվել: Նախ վիրավորվել է, իր հետ դիրքում եղած ընկերը տեղում զոհվել է: Էրիկը խնդրել է, որ այդ տղայի դին պրամատում չթողնեն: Էրիկին փորձել են վիրակապել, ֆելդշերին են կանչել՝ օգնության համար ու էդ ժամանակ երկրորդ սնարյադն է ընկել ու զոհվել է… »,- պատմում է հայրը:

Էրիկ Գալստյանի մարմինը  նոյմեբրի 22-ին է Կարմիր խաչը դուրս հանել Ադրբեջանի տիրապետության տան մնացած տարածքներից:  Դեկտեմբերի 17-ին ԴՆԹ փորձաքննությունից հետո Էրիկի մարմինը հանձնել են ծնողներին:

Էրիկ Գալստյանի հրամանատարները զանգել են ծնողներին և որդուն ներկայացրել են տարբեր պարգևների: Նշել են, որ միակն վարորդն է ողջ մնացած եղել, որ տարբեր դիրքեր զինամթերք ու սնունդ է հասցրել:

«Չգիտենք՝ ինչ մեդալ է, ոչ հարցրել ենք, ոչ մտքներովս անցնում է: Մեզ էդ մեդալն էլ պետք չէր… Կարոտ կար, որ չհասցրեինք, կարոտն առնել»:

Հոկտեմբերի  31-ին իր ծնունդն էր, սակայն նա չհասցրեց բոլորել իր 19 տարին:

«Շատ էր սիրում իր ծնունդը նշել: Ծնունդից առաջ ինձ ասում էր՝ էստեղ սալյուտ ունենք, ամբողջ օրը հրավառություն է»,- հիշում է Էրիկի մայրը:

Մանրամասները տեսանյութում.

Աստղիկ Գաուդյան