Կամայական մոտեցում․ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժիշկ չեն տրամադրել․ «թող մեռնի, բայց էստեղ մեռնի»

83

Դատապարտյալ Հայկ Վարդանյանն արդեն տևական ժամանակ գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Դատապարտյալին ահրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն, կինը՝ Մարգարիտան, գտել է համապատասխան բժշկական հաստատությունը, սակայն գլխավոր բժիշկ Վահագն Ոսկանյանի կամայականության պատճառով, վիրահատությունը չի կատարվում։ Այս մասին Forrights-ին պատմեց Հայկ Վարդանյանի կինը։

«Իրենց տրամադրած էպիկրիզների հիման վրա ես գնացել եմ տարբեր բժիշկների հետ վճարովի կոնսուլտացիաներ եմ անցկացրել՝ հանուն իմ ամուսնու առողջության։ Բոլոր բժիշկները միահամուռ ձևով պնդում են, որ մեզ կօգնի միայն  Երվանդ Հարությունյանը՝ Ավագյան կենտրոնից։ Վերջինս  գրավոր ինձ ներկայացրեց, որ  ամուսնուս առողջական վիճակը, ըստ իրենց տված թղթերի՝ շատ ծանր է, պետք է վիրահատվի, որովհետև միզուղիները արդեն կպած են և առաջացել է քաղցկեղ»,- վրդովված պատմեց Մարգարիտան, վստահեցնելով, որ հիվանդության բարդացումը եղել է ՔԿՀ աշխատակիցների պատճառով, քանի որ Հայկին արդեն երկու տարուց ավել է ,ինչ «կատետրով» են  պահում։

Կինն ասում է, որ նույնպիսի դիմադրություն և քաշքշուք է նաև ամուսնու թոշակավորման հարցում․

«Թոշակավորման համար պետք ա դիմենք, Վահագ Ոսկանյանն ասում ա՝ տարեք Ձեր գումարով ստուգումներն անցկացրեք այն դեպքում, երբ պետպատվեր են նշանակել, ինչի՞ համար գումարով անեմ։ Ասում ա՝ մենք կարող ա ամեն անգամ պետպատվերով անենք, բայց անգամ պետպատվեր չեն արել։ Ես «Մեդլայն»-ում 100 տոկոսանոց վճարում եմ արել, իսկ մնացած տեղերում էլ՝ մասամբ»,-ասում է դատապարտյալի կինը։

Մարգարիտայի խոսքով՝ Ոսկանյանն իր քմահաճույքով է շարժվում և ամեն անգամ այս կամ այն թուղթը պահանջում․ «Գնա  էս թղթերը բեր, գնա էն թղթերը բեր, թղթերը բերեցի, հիմա՝ բժիշկ գտի։ Գտել եմ, բժիշկը համապատասխան գրություն ա տվել, որ Հայկին անհրաժեշտ ա այս բուժումը, Ոսկանյանն  ասում ա՝ անօրինական թուղթ ես բերել, ուրիշ բժիշկ գտի»։

Դատապարտյալի կինը դիմում է գրել  ՄԻՊ,  որ Հայկ Վարդանյանի առողջական վիճակն անհամատեղելի է բանտային պայմաններին․

«Նույն դիմումից Հայկն էլ է ներկայացրել, որ խնդրում եմ՝ առողջական վիճակս վերանայեք։ Այ դրա համար էլ Ոսկանյանը չի տանում, որովհետև առանց միզուղիների ու առանց օրգանների չի կարելի մարդուն պահել այդ պայմաններում,  գուցե դա է պատճառը, որ բժիշկ չեն տրամադրում՝ թող մեռնի, բայց էստեղ մեռնի։ Մնում ա ասեն՝ գնա Հայկի մահվան թուղթը բեր»։

Դատապարտյալի կինն ընդգծում է իր և վատառողջ ամուսնու նկատմամբ կամայական մոտեցումն ու վատ վերաբերմունքը ՔԿՀ աշխատակիցների կողմից, ինչը անդրադառնում է ամուսնու առողջական վիճակի վրա․ «Ես իմ ամուսնու համար եմ մտահոգվում, էսպես ո՞նց կարող է լինել։ Ես չեմ հասկանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ինչ վերաբերմունք ա»։

Forrights-ը Հայկ Վարդանյանի առողջական վիճակի, ինչպես նաև բուժման և սպասվող վիրահատության վերաբերյալ տեղեկատվության համար համապատասխան գրությամբ դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ ՊՈԱԿ-ը հարցման պատասխանն ուղարկեց շուրջ տասն օր հետո, սակայն հատկանշական է, որ ոչ մի տվյալ չհաղորդեցին, պատճառաբանելով, որ Հայկ Վարդանյանը հրաժարվել է իր առողջական վիճակի մասին տեղեկություն փոխանցել։

Մարգարիտան տեղեկացրեց, որ Հայկ Վարդանյանին մարտի 16-ին Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։

Արդարադատության նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին կրկին տեղափոխել ՔԿՀ, այլ ոչ թե հիվանդանոց․

«Հայկ Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխվել համապատասխան ցուցման հիման վրա»,- ասաց Հասարակայնության և  լրատվության բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը։

Հայկ Վարդանյանի կինը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը․

«ՄԻՊ ներկայացուցիչները կապ են հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի համապատասխան մասնագետի հետ, քննարկել  նրա առողջական վիճակին առնչվող հարցեր։ Մանրամասները հրապարակման ենթակա չեն։ Վաղն առավոտյան նախատեսված է նաև այց»,- այս մասին մեզ հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Ազնիվ Սիրադեղյան

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը