«Այդ ոնց է ստացվել, որ մեր էրեխեքին դավաճանողը նոր էրեխեքի հրամանատար է դարձել». Զոհված զինվորի մոր հարցը` ՊՆ-ին

2584

Նոյեմբերի 7-ին Շուշիում գտնվող Ստեփանակերտի «Ցոր» զորամասի 8 հոգանոցդասակիցողջ է մնացել միայն մեկ զինվոր, եւս մեկ զինվոր մինչ օրս անհետ կորած է: Մյուս վեց զինվորների աճյունները հնարավոր է եղել նույնականացնել եւ ընտանիքներին հանձնել ԴՆԹ տվյալների միջոցով միայն` պատերազմի ավարտից երեք ամիս անց:

Զոհված ժամկետային զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը համոզված է, որ որդին եւ նրա զինակիցները, ովքեր պատերազմի ողջ ընթացքում անցել էին դժոխքի միջով, կարող էին ողջ մնալ նաեւ Շուշիում, եթե տեղում պարկեշտ ու պատասխանատու հրամանատար ունենային: Նրա այս պնդումը անհիմն չեն համարել նաեւ իրավապահները: Գայանե Արզումանյանի բողոքի հիման վրա այժմ ընթանում է քննություն, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով (Պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որի համար որպես պատիժ նախատեսվում է չորսից ութ տարվա ազատազրկում):

«Եթե դասակի հրամանատարը` Հայկ Գեւորգյանը մեր էրեխեքին չդավաճաներ, նրանք հիմա ողջ կլինեին: 42 օր կռվել էին էրեխեքը, այդ երկու օրն էլ կկռվեին` մինչեւ պատերազմի վերջը… Նահանջի հրամանը լինում է, հրամանատարը թողնում փախնում է, էրեխեքին թողնում ա շրջափակման մեջ…Հասկանում եմ` կյանքը թանկ է, հասկանում եմ` բոլորն էլ իրենց կյանքի վրա դողում են, բայց եթե դու այդ աշխատանքին ես անցել ու քեզ վստահված են քեզնից տարիքով փոքրեր… Այսօր էլ նա աշխատում է նույն զորամասում: Ես զարմանում եմ, թե ոնց են իրեն թույլ տվել նորից աշխատել»,- պատմում է զոհված զինվորի մայրը:

Այդ փաստի հետ կապված նա առցանց նամակ-դիմում է գրել ՀՀ Պաշտպանության նախարարին. «Այդ ոնց է ստացվել, որ մեր էրեխեքին դավաճանած մարդը նոր էրեխեքի հրամանատար է դարձել: Աստված չանի, վաղը պատերազմ լինի, էդ էրեխեքն էլ են իմ էրեխու օրն ընկնելու: Ես չեմ ուզում դա»:

Միայն պատերազմից հետո է Գայանե Արզումանյանին հայտնի դարձել, որ 42 օրերի ընթացքում որդին ոչ թե եղել է Ստեփանակերտի իր զորամասում, այլ մասնակցել է թեժ մարտերին Հադրութում, Քարինտակում, Շուշիում: «Ոչ մի անգամ չտրտնջաց Էրեխեն…Ամսի յոթին զանգեց, ասեց` քեզ լավ նայի, մամ ջան»,- պատմում է մայրը:

Դրանից հետո Հակոբը խոսել է քեռու հետ, հորեղբոր հետ, ապա նրա հետ հեռախոսային կապը կտրվել է: «Մենք կարծեցինք, թե կապ չկա, չգիտեինք, թե էդպիսի ջարդ ա եղել էնտեղ: Ամսի տասին եղբայրս գնաց Ստեփանակերտ եւ սկսեցին որոնման դաժան երեք ամիսները»,- նշում է մայրը եւ պատմում մանրամասները․

«Նա իր ընկերներից երեք ամիս ուշ գտնվեց: Շուշիի մոտից թուրքերը իրենց հետ հիսուն հոգու մարմին էին տարել` հետո փոխանակելու համար: 22-ին մի քիչ շուտ էին վերադարձրել, իսկ մարմինը տվեցին հունվարի 26-ին: Լրատվամիջոցները գրեցին, որ հայտնի չէ, թե որտեղի մարմիններն են, բայց մենք արդեն գիտեինք, որ Շուշիի էրեխեքն են…բոլորն անճանաչելի էին»:

Նրա խոսքով, որդին զոհվել է նոյեմբերի 7-ին եւ միայն փետրվարի 17-ին են հայտնել, որ նրան գտել են` ԴՆԹ հետազոտության արդյունքներով:

Անի Գևորգյան