«Չի կարող մարդն ինքնասպան լինել՝ ձեռքը երկու մետր ձգելով». Վոլոդյա Գալոյանի մահվան գործով նոր քննություն են պահանջում

188

Զինծառայող Վոլոդյա Գալոյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քննչական կոմիտեն ամեն ինչ արել է հաստատելու համար զինծառայողի  մահվան նախնական վարկածը՝ ինքնասպանություն:

Սակայն գործի նյութերում կան բազմաթիվ հակասություններ, չպարզաբանված հարցեր, խախտումներ, ապացույցներ, որոնք հիմք են տալիս  տուժող կողմին եզրակացնելու, որ Գալոյանը դաժանաբար սպանվել է, իսկ քննիչները կոծկել են սպանությունը:

Տուժողի  ներկայացուցիչ Խանում Մկրտչյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն, պահանջելով նոր քննություն սկսել: Մինչ այդ նա միջնորդել էր նախաքննության մարմնին՝ երկրորդ կայազորային քննչական մարմնին գործով առկա հակասությունները պարզելու, մեղավոր անձանց ճիշտ իրավական գնահատական տալու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն նրա միջնորդությունը մերժվել էր:

Եւ այսպես՝ ամփոփելով այս պարզ, սակայն միտումնավոր կերպով փակուղի տարված գործը, նշենք այն հակասությունները, որոնք վկայում են գործով ձևական քննություն կատարելու  մասին:

 19 տարեկան ժամկետաին զինծառայող, շարքային Վոլոդյա Գակոյանի դին գտել են 2019թ․ հուլիսի 24-ին, Հադրութի զորամասի դիրքերից մեկի մոտ, չեզոք գոտում, ծնոտի շրջանում վերքով: Կողքին ընկած է եղել ինքնաձիգը:

Հետագայում, երբ գործը հարուցված էր ինքնասպանության հոդվածով, փորձաքննությամբ պարզվեց, որ Վոլոդյա Գալոյանի գլխին պատճառվել է հրազենային մի քանի ոչ ընդհուպ կրակոցներ: «Դա խոսում է այն մասին, որ Վոլոդյա Գալոյանը, անգամ մեծ ցանկություն ունենալու դեպքում պարզապես չէր կարող ինքն իրեն նման վնասվածքներ պատճառել, քանի որ նրա ձեռքը կարող էր հասնել զենքի փողաբերանին, մինչդեռ ձգանին՝ ոչ», — գրում է Խանում Մկրտչյանը իր բողոք-միջնորդթյունների մեջ:


 Նա նշում է նաև, որ տղան ունեցել է շուրջ 3-5 օրվա, ինչպես նաև մահվանից ժամեր առաջ հասցված բազմաթիվ վնասվածքներ՝ քերծվածքներ, սալջարդ, ինչը նշանակում է, որ մահվանը նախորդած օրերին նրան հալածանքների ու բռնությունների են ենթարկել: Թե ո՞վ և  ինչո՞ւ է դա արել՝ քննիչները չեն փորձել պարզել: Նրանք պաշտոնապես հաստատված  մեկ վարկած ունեն՝ թե, իբր, Գալոյանը իր բջջային հեռախոսը մարտական հերթապահության վայր բերելու ու այնտեղ թաքցնելու թեմայով վիճել է դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի հետ, որի ընթացքում իր սաղավարտը շպրտել է Ստեփանյանի ուղղությամբ, ապա նաև կրակել է, սակայն Ստեփանյանը մտել է գետնատնակ և խուսափել է կրակոցից: Գիտակցելով իր արարքի հետևանքները, Գալոյանը հեռացել է չեզոք գոտի և ինքնասպան է եղել:

Ապացուցված է սակայն, որ մահվանից րոպեներ առաջ Գալյանը խոսել է իր մորեղբոր տղայի հետ և նրան հայտնել է, որ դիրքի ավագի հետ ունի խնդիր, օգնություն է խնդրել: 

Տուժողի ներկայացուցիչը՝ «Լրագրողներ հանուն մարդու  իրավունքների» կազմակերպության փաստաբան Խանում Մկրտչյանը, վերլուծելով  գործով արված փորձաքննությունները, նկատել է, որ դեպքի վայի կամ դիակի զննությամբ չի առգրավվել  փորձաքննության չի ուղարկվել  Վոլոդյա Գալոյանի  զինվորական կիտելը, և գուլպաները, որոնք անհետացել են, տաբատի կոճակներն են բացակայել, ինչը  նշանակում է, որ հագուստի վրա եղել են մեխանիկական «խոսուն» վնասվածքներ ու չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ հագուստը պարտակվել է:

Զինածառայողի մայկայի, անդրավարտիքի և վարտիքի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք առաջացել են գետնի մակերևույթի հետ շփման արդյունքում։ Փաստ, որը ևս մեկ անգամ ապացուցում է տուժող կողմի այն համոզմունքը, որ Գալոյանին սպանել են մեկ այլ վայրում, ապա դիակը քաշելով տարել գցել են չեզոք գոտում։

 Փորձագետերը չեն անդրադարձել տարրական հարցերի՝ թե քանի կրակոցի հետք է եղել Վոլոդյայի  մարմնին ու ինչպես են դրանք առաջացել: Դեպքի վայրից անհետացել են պարկուճներ:

«Գտնում եմ , որ գործը քննվել է այլ վարկածով, որն առհասարակ կապ չունի իրականության հետ», — ասաց տուժողի իրավահաջորդը Forrights.am-ին: Հարցին, թե ինչու է,  իր կարծիքով, քննչական կոմիտեն համառորեն ու մինչև վերջ, առանց բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելու պնդել ինքնասպանության վարկածը, փաստաբանը պատասխանեց. «Իրենք հոդվածը դրել են ինքնասպանություն, ու վկաները ցուցմունքները ուղորդել են այդ ուղղությամբ: Կասկած չունեմ, որ այդ բոլոր ցուցմունքները թելադրված են քննիչների կողմից: Սակայն գործի փաստերը ակնհայտ խոսում են, որ սա սպանություն է: Չի կարող մարդն ինքնասպան լինի, ձեռքը երկու մետր ձգելով: Իրենք անհերքելի ապացույցներ կան սպանության վերաբերյալ: Եթե ի սկզբանե կաշկանդված չլինեին ինքնասպանության վարկածով, Գակոյանի սպանությունը հեշտ կբացահայտեին»:

Սյուզան Սիմոնյան