«28-ին երեխես զոհվեց, 29-ի լուսաբացին՝ ախպորս տղեն… Եթե շուտ կանգնեցնեին պատերազմը, էսօր երկուսն էլ ողջ կլինեին»

1686

Պատերազմի 32-րդ օրը զոհված կամավորական Վարդգեսի երկուամյա որդին օրվա մեջ հաճախ է մոտենում հոր «անկյունին» և փորձում ձեռքով կանչել նրան։ Մեզ ևս մոտեցրեց Վարդգեսի նկարներին և սկսեց կանչել՝ «պապա, պապա, աՅի»։

Տեսարանը Գալստյանների համար նորություն չէր․ «Երեք ամսից էլ տղայիս աղջիկը կծնվի, ափսոս իրար տեսնել չեն կարողանա․․․»։

Երբ պատերազմը սկսվեց 25-ամյա Վարդգես Գալստյանը թողեց իր աշխատանքն ու ընտանիքին հայտարարեց, որ որոշել է կամավորագրվել՝ պետք է գնա հորեղբոր տղայի՝ ժամկետային զինծառայող Էրիկ Գալստյանի    կողքին լինի, միասին իրենց հողը պաշտպանեն․

«Երբ որոշեց կամավոր գրվել, ասեցի՝ տղա ջան, ընտանիք ունես, սպասի ծանուցագիր ուղարկեն, նոր կգնաս։ Չհամաձայնվեց, ասեց, ես չեմ սպասի, որ թուրքը մտնի ընտանիքիս, երեխուս սպանի, նոր ես տեղիցս վեր կենամ։ Ես պետք ա տղերքի, ախպորս կողքին լինեմ, չեմ կարա իրեն մենակ թողնեմ էս պահին։ Գնամ՝ պատերազմի դաշտում հասնեմ իրան։ Գնաց, բայց չհասավ․․․»,- Forrights-ին պատմում է պատմում է 52-ամյա հայրը։

Վարդգեսը պատերազմ է գնում հոկտեմբերի 19-ին՝ սակայն ոչ թե Էրիկի մոտ՝ Մարտունի, այլ Կուբաթլու։ Պատերազմի ողջ ընթացքում տղան ընտանիքի հետ մշտապես կապի մեջ էր, սակայն տեղանքի կամ պատերազմական գործողությունների մասին որևէ բան չէր ասում։ Հարցին, թե ինչպես է, մշտապես պատասխանում էր՝ ես լավ եմ, դուք կարևորը տղուս լավ նայեք։

Հայրը որդու հետ կարողանում է խոսել միայն հոկտեմբերի 28-ին, ինչից հետո ընտանիքն այլևս զանգ չի ստանում Վարդգեսից․․․Նա մահացոււ կրակոց է ստանում նույն օրը գիշերը: Ականատես զինվորները պատմել են, որ երեկոյան  խիտ մառախուղ է եղել, հակառակորդը հարձակման է անցել, ինչի հետևանքով Վարդգեսը վիրավորում է ստացել գոտկատեղից ներքև․

«28-ին երեխես զոհվեց, 29-ի լուսաբացին՝ ախպորս տղեն՝ Էրիկը․․․Վարդգեսս գնաց Էրոյիս հետևից, բայց չհասավ, փոխարենը՝ Էրիկը գնաց տղուս մոտ։ Եթե շուտ կանգնեցնեին պատերազմը, ճիշտ քայլեր ձեռնարկեին, էսօր երկուսն էլ ողջ կլինեին»։

Վարդգեսի մարմինն ընտանիքին հանձնում են հաջորդ օրը։ Հայրն ասում է, որդու դեմքը բաց էր, հայացքում՝ նույն խաղաղությունը։

Ռոզա Վարդանյան
Տեսանյութը և լուսանկարները՝ Աստղիկ Գաուդյանի