Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպմանը քննարկվել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարության ու անհրաժեշտության հարցերը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով Նազելի Բաղդասարյանի հերթական այցն Արցախ, նշել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին Արցախի Հանրապետության և ՀՀ օրենքները պետք է նույնական լինեն:
Արցախի ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամների և պատգամավորների հետ հանդիպմանը Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի նպատակահարմարությանն ու ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում հրադադարից հետո առաջացած խնդիրները:
«Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,-նշել է Բաղդասարյանը:
Պատգամավորի խոսքով, նախագիծը մշակվել էր դեռևս 2006 թվականին, սակայն հետագա տարիներին որոշ գերատեսչություններ հարցի քննարկումը ժամանակավրեպ են համարել:
Այնուհետև ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին և վստահեցրել, որ կանդրադառնան պատգամավորների առաջարկներին ու քննարկումներ կծավալեն:
Խորհրդարանականները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել,որ դրանք շարունակական կլինեն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: