Ղազարյանների ընտանիքն առաջիններից էր, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Երեւանից մեկնել էր Արցախ` փնտրելու հոկտեմբերի 11-ից անհետացած որդուն: 20-ամյա Էդուարդ Ղազարյանին նրանք ստացել ու հողին են հանձնել դրանից ավելի քան երեք ամիս անց միայն :

«Ես, կինս, էրեխես գնացինք: Մարդ չկար, մեքենա չկար, խանութները փակ էին: Հետո ես բոլորի ծնողներին ասացի` մեր գործը հիմա էստեղ ա, մենք պետք է էստեղ լինենք, ուրիշ ոչ մեկին այս ամենը պետք չի, ու բոլոր ծնողները հավաքվեցին: Մեկ գնացինք Արայիկ Հարությունյանի մոտ, մեկ գնացինք զորամաս…»,- պատմում է Էդուարդի հայրը` Ալեքսանդր Ղազարյանը:

Նա նշում է, որ զինվորների որոնողական աշխատանքներում ՊԲ-ն որեւէ կերպ չի մասնակցել, չի աջակցել, ամենը արել է ԱԻՆ-ը: «ՊԲ-ն անգամ մեզ լսել չէր ուզում: Մեզ ոչինչ չէին ասում, հետո պարզվեց, որ թաքցնում էին իրականությունը»,- ասում է նա:

Նախկինում անդրադարձել էինք հոկտեմբերի 11-ին Մարտունի 3-ի վաշտի 73 զինվորների անհետացմանն, ապա նրանց գերակշիռ մասի մասունքների հայտնաբերման պատմությանը: Դեռեւս որպես անհետ կորած որոնվում են 6 հոգին, մնացած զինվորները ճանաչվել են ԴՆԹ հետազոտության միջոցով:

Օրերս մեզ հայտնի դարձավ, որ տեղի ունեցածի հետ կապված զոհված եւ դեռեւս չհայտնաբերված զինծառայողների ծնողների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել` 375 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել էռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով):

Ալեքսանդր Ղազարյանը ասում է, որ իրենց հաջողվել է պարզել` իր որդուն ու նրա զինակիցներին Մարտունիից Հադրութ էին ուղարկել գաղտնի հրամանով:

«Գաղտնի հրամանի մեջ գրած է…դրա մեջ Զալալ Հարությունյանի անունն է գրած, Վարդանյան Կամոյի… հրաման է, որ էրեխեքը պետք է հասնեն 9- րդ կոլցո, մտնեն Առուստամյան Կարենի` Հադրութի կոմդիվի հսկողության տակ: Հրաման կատարողներն էլ արել են ինչպես պատահի, մենակ թե անեն պրծնեն»: Հրամանի մեջ գրված է, որ վաշտը պետք է ուղարկվի առավոտյան ժամը 9-ին, բայց նրանք շարժվել են ժամը 14.00-ին, մինչդեռ պատերազմի ժամանակ ամեն րոպեն կարեւոր է: Չի բացառվում, որ զինվորների ողբերգական մահվան պատճառներից մեկը կարող էր լինել նաեւ դա:

Ղազարյանն ասում է` մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ… «Աստված ենք կանչում, որ գոնե մեկը գերի ընկած լինի, որ ճիշտը իմանանք մեր 73 հոգու մասին»:

Էդուարդ Ղազարյանիմայրը` Նատալյա Պապանյանը պատմում է, որ մինչեւ հոկտեմբերի 11-ին Հադրութ մեկնելը վաշտի զինվորները ծանր մարտեր են վարել Մարտունիում.

«Հերոսաբար են դիրքեր պահել: Դրա մասին մեզ պատմել է ոչ թե հրամանատարը կամ զինկոմը, այլ էրեխեքի մոտ եղած կամավորները, ովքեր երկու շաբաթ նրանց հետ պահել են դիրքերը: Ու միայն այդ կամավորներն են մեր երեխաների հոգեհանգստին եղել, թաղմանը, հուղարկավորությանը»:

Զոհված զինվորի մոր համար անհասկանալի է` ինչպես է հնարավոր լավագույն վաշտին ուղարկել թշնամուն հանձնված տարածք, իսկ հետո չուղարկել օգնություն, անգամ այն բանից հետո, երբ նրանք կապ են հաստատել ու օգնություն խնդրել:

«Բոլորը հիմա ասում են, որ գլուխս բարձր պետք է քայլեմ, որ հերոսի մայր եմ, բայց ես այդ գնով հերոսի մայր չէի ուզում լինել: Թող իմ տղան ապրեր, թող հերոս չլիներ»,- ասում է Նատալյա Պապանյանը:

Անի Գևորգյան

Pin It on Pinterest