ՄԻՊ-ը հրապարակել է ձեռնարկ զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ

88

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը:

Այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում։

«Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և կարևոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների և ազատությունների, զինված ուժերում կանանց իրավունքների մշտադիտարկման համար: Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միզագային իրավական չափանիշներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում և Եվրոպական դատարանի վճիռներում ու որոշումներում տեղ գտած դրույթներ:

Ձեռնարկը կազմված է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում տեղ գտած  խնդիրները, ներառում է Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաև պրակտիկ կիրառելիություն:  Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի կազմակերպումից մինչև զինված ուժերում կանանց առաջխաղացման և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքներին առնչվող հարցերին վերաբերելի իրավական չափանիշներ»,- ասված է հաղորդագրության մեջ։