«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 35-ամյա Էդգար Մինասյանը մարտի 9-ից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Դատապարտյալը նման ծայրահեղ քայլով բողոքում է իր քրեական գործի դատավարությունից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Մինասյանը 2015թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կուլտուրայի տան մոտակայքում գտնվող հողատարածքից քաղելու միջոցով ձեռք է բերել վայրի կանեփի բույսեր, որը փոխադրել է Երևան քաղաքի իր բնակարանը, որտեղ նույն օրը միկրոալիքային վառարանում չորացնելու եղանակով, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել է ընդհանուր խոշոր չափի` 14.39 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի՝ 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, որոնք կատարվել են խոշոր չափերով։

Ավելի քան հինգ տարի տևած դատաքննությունից հետո, դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վճռեց Մինասյանին դատապարտել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման՝ պատժի կրման սկիզբը ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում հաշվելով 2016թ. ապրիլի 30-ից:

Պաշտպանական կողմը համաձայն չէր դատարանի վճռին և այն բողոքարկեց Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով բեկանել և փոփոխել կայացված դատավճիռը։ Ըստ պաշտպան Էդուարդ Աղաջանյանի՝ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք էր դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառով, ինչպես նաև նրա փաստացի կատարված արարքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական․

«Պաշտպանյալիս նկատմամբ պետք էր կիրառել 2018թ. համաներում հայտարարելու մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները` ազատել նրան 1.200 ժամ տևողությամբ հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց և նշանակել համաչափ մեղմ պատիժ: Բայց մեր բողոքը դատարանը բավարարեց մասնակի․ այս տարվա փետրվարի 17-ի որոշմամբ՝ պատժաչափից մեկ տարի երեք ամիս կրճատելով»,- Forrights-ի հետ զրույցում նշեց հանրային պաշտպան Աղաջանյանը։

Թեև պաշտպանը հայտարարում է, որ Վերաքննիչի որոշումը չի պատրաստվում վիճարկել Վճռաբեկ դատարանում, քանի որ Վերաքննիչն հօգուտ իրենց է որոշում կայացրել, այնուամենայնիվ Մինասյանը գոհ չէ իր պատժաչափից։ Այսօր հայտարարված հացադուլը հենց այս դատական գործընթացի դեմ է։

Բացի այդ, քրեական գործի նյութերից տեղեանում ենք, որ Էդգար Մինասյանն առողջական խնդիրներ ունի, ամուսնացած է, իսկ խնամքին մեկ անձ ունի։

Forrights-ը Մինասյանի հացադուլ հայտարարելու վերաբերալ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest