Արցախի Շոշ գյուղի ենթակառուցվածքների մոտ 80%-ը վերականգնվել է․ բնակչության կեսից ավելին վերադարձել է

83

Շոշ գյուղը Արցախ աշխարհի այն բնակավայրերից է, որը կրել է պատերազմի ծանրությունը: 6 շոշեցի մարտիրոսվել, 3-ը վիրավորվել են հանուն հայրենիքի:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ բնակիչների՝ համայնք վերադառնալու ուղղությամբ, ենթակառուցվածքների մոտ 80 տոկոսը վերականգնվել է, վերադարձել է բնակչության կեսից ավելին: Նախքան Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը՝ գյուղն ուներ 621 բնակիչ, այսօր՝ 390: Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է երկու ակունքներից: Համայնքի տարածքում առկա է թվով 16 աղբյուր: Դպրոցը կառուցվել է 2004 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ փետրվարի 15-ից՝ մանկապարտեզը:

Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ է անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Շոշի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում՝ իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ: Ակտիվ կերպով շարունակվում են նաև վնասված տների շինարարական աշխատանքները:

Գյուղը ունի եկեղեցի: Համագյուղացի բարերար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանի միջոցներով այն վերանորոգվել էր մինչև պատերազմը, պատերազմից հետո մեկ անգամ պատարագ է մատուցվել: Շոշն ունի սննդի սպասարկման մի քանի կետ, բուժկետ, համայնքապետարան: Գազիֆիկացված է: Գործում է ինտերնետ ծառայություն:

Լուսավորված է գյուղի միայն հիմնական փողոցը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է համայնքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրում կատարել: Մտահոգիչ հարցերի թվում է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման խնդիրը: Տրանսպորտային կապը կարգավորված է, ուղևորափոխադրումներն իրականացվում են կանոնավոր երթուղիներով և սեփական մեքենաներով: