Մարտի մեկին բռնության արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում: Բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Գյուրջանյանը ծեծի է ենթարկել բերման ենթարկված քաղաքացուն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Հրայր Լուկյանչիկովին:
Այս մասին Forrights. am-ին հայտնեց Լուկյանչիկովի շահերը ներկայացնող փաստաբան Հակոբ Ճարոյանը:
Փաստաբանը հայտնեց, որ Լուկյանչիկովը կասկածվում է Թեղուտ գյուղի բնակիչ Սմբատ Նորեկյանի առանձնատուն ապօրինաբար մուտք գործելու և այնտեղից մոտ 200 դոլար ու 5 000 ռուբլի և ոսկյա թևոնց հափշտակելու համար, սակայն նա չի ընդունում մեղքը:
«Լուկյանչիկովին ոստիկանները բռնել են Թեղուտ գյուղում, բերման են ենթարկել բաժին: Նա ասել է, որ ինքը չի մտել Նորեկյանի տուն, մեղադրանքները չի ընդունել: Այդ ժամանակ պետը մտել է և սկսել է ջարդել: Պաշտպանյալիս կողերը, քիթը վնասված են, կապտած: Կա դատաբժշկի եզրակացությունը: Ես հանդիպեցի պաշտպանյալիս, դուրս եկա ու հաղորդում ներկայացրեցի Հատուկ քննչական ծառայություն», — հայտնեց Հակոբ Ճարոյանը:
Հրայր Լուկյանչիկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն:
Մարտի 5-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա-տարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը՝ երկու ամսով:
Տեղեկացանք նաև, որ փաստաբան Ճարոյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված միաժամանակ երկու հոդվածներով՝
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը և
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը»:
Հրայր Լուկյանչիկովը 38 տարեկան
է, ամուսնացած է, չունի աշխատանք:
Ոստիկանությունում դեպքի հետ կապված ծառայողական քննություն է իրականացվում:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: