«Մեր երեխաները 44 օր հերոս էին, երեք ամիս է անցել և նրանք անտեսված են». զինծառայողների ծնողներ

882

44-օրյա պատերազմի մասնակից ժամկետային  զինծառայողների ծնողները  մամուլի ասուլիս էին հրավիրել։ Նրանք ասում են պատերազմի մասնակից տղաները հոգեբանական խնդիրներ ունեն, ոմանք էլ՝ ֆիզիկական, սակայն ոչ բոլորն են բուժզննություն անցել, թեև ունեն դրա կարիքը։ Ավելին՝ նրանք նշում են՝ մինչև այսօր տղաների զինգրքույկներում դեռ չի նշվել, որ նրանք մարտական գործողությունների մասնակից են։ Ծնողները պահանջում են նաև, որ իրենց որդիներին նվազագույնը 20 օրով արձակուրդ տրամադրվի, իսկ ծառայության ժամկետները կրճատվի։ 

«Սա, կարելի է ասել, 5-րդ սերնդի պատերազմ էր։ Պատերազմի թողած նստվածքը տարիների ընթացքում էլ հնարավոր չի լինի այս երեխաների միջից հանել։ Մեր երեխաները 44 օր հերոս էին, բայց այսօր այդ 44 օրն արդեն անցել է ու նրանք անտեսված են։ Որպես զինծառայողի հայր՝ ուզում եմ  հասարակությանն էլ խնդրել, որ մեր երեխաներին թև ու թիկունք լինեն։  Պատերազմի մասնակից  տղաները բուժզննություն չեն անցել, իսկ ո՞վ պիտի մտածի  նրանց մասին։ Մենք կառավարությանն ու ՊՆ-ին խնդրում ենք՝ մեր երեխեքին մի քիչ լավ աչքով նայե՛ք։ Այդ տղաները կռիվ են տվել, բայց նրանք արձակուրդ էլ չեն ստացել։ Իրենք կռվի դաշտում երեխաներ չեն ունեցել, դրա համար այս հարցերին այլ ձևով են նայում։ Մեր երեխաները հերոսներ են։ Եկե՛ք չմոռանանք  նրանց»։

Պարտադիր զինծառայող զույգ տղաների հայր Սուրեն Ջուլհակյանն էլ շեշտեց՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ նոյեմբերի կեսից սկսած՝ ծնողները պարբերաբար հավաքվել են ՊՆ-ի դիմաց՝ բարձրացնելով վերոնշյալ խնդրանք-հորդորները։

«Հունվար  27-ին հանդիպեցիենք նաև վարչապետի հետ։ Նշվեց, որ կստեղծվեն մոնիթորինգային խմբեր․ նաև ծնողներին պիտի այդ խմբերում ներառեին։ Տվյալ խմբերը պետք է գնային Արցախ և մեր տղաների հետազոտություններն անցկացվեին նաև ծնողների  ներկայությամբ, քանի որ ՊՆ-ի նկատմամբ վստահությունը բազմաթիվ պատճառների առկայությամբ պայմանավորված՝ նվազել է։ Վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո մեզ  ընդունել են նաև ՊՆ-ում։ 15 ծնողի ընդունել է  պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։  Բայց, մինչև օրս մոնիթորինգային խմբերի՝ Արցախ գնալու հետ կապվածտեղեկություն չկա ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ ՊՆ-ից»:

Պարտադիր զինծառայություն անցնող զինվորներից մեկի հայրն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Իմ որդին ծառայել ու մարտնչել է այնպիսի զորամասում, որտեղ մեր դիրքային պայմանները համեմատաբար  լավ են եղել, հրամանատարական կազմը հմուտ է եղել, մեր երեխեքը ոչինչ չեն զիջել։ Ստացվում է՝ մյուս զորամասերում եղած տղաների համեմատ՝ նրանք ավելի բարձր ոգի պիտի ունենային՝ ընդունելով այն փաստը, որ գոնե իրենց վստահված տարածքները իրենք  կարողացել են պահել։ Պատերազմից հետո ես երեք օրով եղել եմ  Արցախում, և տեսել իմ ակնկալածի հակառակ պատկերը։ Ես շփվել եմ տղաների հետ և զգացել, որ  նրանք հոգեբանորեն կոտրված էին։ Ամեն քարն ու թուփը այդ տղաներին հիշեցում է իրենց եղբայրներին, որոնք զոհվել են, որոնք մահացել են իրենց գրկի մեջ․․․ Իհարկե, նրանք առյուծ տղաներ են, որևէ մեկին որևէ բան չեն ասում, չեն պատմում՝ ինչ օրեր են ապրել, չեն բողոքում, բայց մենք գիտենք՝ իրավիճակն ինչպիսին է եղել և ինչպիսին է այժմ»։

Զույգ տղաներին բանակ ճանապարհած Սուրեն Ջուլհակյանը հույս հայտնեց, որ իշխանությունն իր մեջ կամք կգտնի և լուծում կտա բարձրացված խնդիրներին։

«Մենք ուզում ենք պետությունը հասկանա, որ  պատերազմի մասնակից յուրաքանչյուր տղա միայն մերը չէ, նաև իրենն է, և այս տղաների նկատմամբ պիտի ցուցաբերվի ծնողական-պետական մոտեցում, հակառակ դեպքում մեր ասուլիսները այլևս այս տեսքը չեն ունենա, ու մեր քայլերը այսպես չեն շարունակվի։ Այս ծնողներն էլ հաստատ իրենց երեխաներին անտեր չեն թողնելու։ Իսկ այսօր պետության վերաբերմունքը հենց դրան է տանում․ այս տղաները անտեսված են, անտերության մատնված»։

Մանրամասները՝ տեսանյութում․


Հասմիկ Բալեյան