Հացադուլ օր 22․ «Պարտադրում են՝ 28 բալ ունենալ, բայց դրանք հավաքելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովում»

219

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 22 օր հացադուլ հայտարարած Արման Խոստիկյանի առողջական վիճակը երեկ երեկոյան կտրուկ վատացել է։ Արդեն իսկ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալի արյան ճնշում իջել էր, հասնելով 60/20-ի։

Նման ծայրահեղ քայլի Արմանը դիմել է երկվորյակ եղբոր՝ Վաղարշակի հետ միասին։ Վերջինս ևս ունի առողջական լուրջ խնդիրներ և նրան հակացուցված է հացադուլը։

Եղբայրներն այս եղանակով իրենց բողոքն են արտահայտում Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիոն ծառայության դեմ։ Վերջիններս Խոստիկյաններին պարբերաբար բացասական բնութագիր են ներկայացնում, իսկ Վաղարշակի՝ վաղաժամկետի բողոքը դեռ նախորդ տարվանից դատարանում է․

«Վաղաժամկետի համար անհրաժեշտ բնութագրերի մեջ Արմանին ու Վաղարշին բացասական բնութագրեր են տրամադրում, այլ տույժեր ու սխալ բաներ գրում, որոնք կապ չունեն իրենց հետ։ Կարգապահականներ են գրում, որից երկուսն ընդհանրապես կապ չունեն Արմանի հետ: Պրոբացիան ասում է՝ աշխատեք, որ միավորներ հավաքեք, այնինչ չեն տրամադրում այդ հնարավորությունը, «Նուբարաշեն»-ը չունի աշխատանքի ռեսուրսներ: Պարտադրում են՝ 28 բալ ունենալ, բայց դրանք հավաքելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովում»,- Forrights-ի հետ զրույցում ահազանգում է Արման Խոստիկյանի կինը՝ Լիլիթը, նշելով, որ ամուսինը պահել է այն բոլոր նամակները, որոնք վկայում են, որ դիմել է հիմնարկին՝ աշխատանքով ապահովելու խնդրանքով։

Վաղարշակը եղբորն է «միացել» հինգ օր առաջ և այս պահին վատառողջ վիճակում է։ Դեռ նախորդ տարի էր դատապարտյալը դիմել դատարան՝ վիճարկելու պայմանական վաղաժամկետի մերժումը, սակայն դատական նիստերն ամիսներով հետաձգվում են, ինչը վրդովեցնում է նրան․

«Հաջորդ նիստը մարտի 19-ին ա նշանակած, բայց չգիտենք էլ՝ էլի անիմաստ ու անհեթեթ պատճառաբանություններով կհետաձգե՞ն, թե՞ վերջապես մի որոշում կկայացնեն»,- հույս է հայտնում Լիլիթը։

Եղբայրները նման ծայրահեղ քայլին դիմում են արդեն վեցերորդ անգամ։ Նախորդ հացադուլը 52 օր է տևել, երկուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանով, նրանց կյանքը փրկել հազիվ է հաջողվել․

«Ավտոմեքենա գողանալու մեղադրանքով երկուսին էլ դատել են, բայց էդ սարքած գործ ա, ոչ ապացույց կա, ոչ տեսնող ա եղել, ոչ էլ գործով առկա փաստեր կա։ Քննիչը վկաներից սպառնալիքով ա ցուցմունք կորզել․ դուռը փակել ու ասել ա՝ մինչև էս ցուցմունքը չստորագրեք, ոչ մեկդ տուն չեք գնալու։ Ինձնից էլ փող էին ուզում, չտվեցի, ավելի կատաղեցին ու բռնեցին ամենաաբսուրդ ձևով դատապարտեցին։ Ընդամենը մեքենա գողանալու հոդվածով դատապարտեցին 11 և 12 տարի ազատազրկման, անգամ հաշվի չառան այն հանգամանքը, որ նրանցից յուրաքանչյուրն ունի երկու անչափահաս երեխա»,- վրդովված նշում է տղաների մայրը՝ Թելինեն Մկրտումյանը։

Ընտանիքը տղաների հացադուլի և առողջական վիճակի մասին տեղեկացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Աշխատակազմից հայտնել են, որ պարբերաբար տեսակցում են Խոստիկյաններին՝ հորդորելով դադարեցնել հացադուլը․

«Մարտի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Ա. Խոստիկյանի հետ: Նա տեղեկացրել է, որ 2021 թվականի փետրվարի 18-ին հայտարարված անժամկետ հացադուլը պայմանավորված է ինչպես իր նկատմամբ դատավճռով, այնպես էլ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումի կապակցությամբ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված բացասական զեկույցով: Նշվածների կապակցությամբ տրվել է պարզաբանում և խորհրդատվություն»,- Forrights-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Բացի այս, այսօր առավոտյան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն․

«Առկա վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ:

Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաև Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի բացակայությունը չի կարող որևէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է մարդու իրավունքների խախտումների և կամայականության ռիսկերը»,- նշվում է պաշտպանի հայտարարությունում։

Հետգրություն․ նյութի հրապարակման պահին տեղեկացանք, որ երեկ Արման Խոստիկյանն առողջության վատթարացման պատճառով դադարեցրել է հացադուլը և գտնվում է բժիշկների հսկողության տակ, Վաղարշակը՝ դեռ շարունակում է։

Ռոզա Վարդանյան