«Ի սկզբանե պարզ էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազան ամբաստանյալին դատարան ներկայացնելու նպատակ չունի»

162
Ջուլիետա Ղուկասյան

Գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը դատավարության երկու տարիների ընթացքում դատարան այդպես էլ չի ներկայացել։ Սկզբում՝ «անվտանգության երաշխիքների բացակայության», հետո՝ կորոնավիրուսային համաճարակը պատճառաբանելով, դատարանը նիստերն անցկացնելու հեռահար տարբերակին է անցել, ինչը վրդովեցրել է տուժող կողմին․

«Տևական ժամանակ է ամբաստանյալ Ռազգիլդեևն իր պաշտպան Նարինե Ռշտունի հետ դատական նիստերին մասնակցում են հեռավար՝ 102-րդ ռազմաբազայի տարածքից, իսկ մենք՝ դատարանից ենք միանում։ Այնինչ նման ընթացակարգ ԲԴԽ-ն առաջարկել էր համաճարակի հզոր ալիքի ժամանակ՝ միևնույն ժամանակ ընտրությունը թողնելով դատարանին։ Հիմա, երբ բոլոր դատական նիստերն  անցել են բնականոն ընթացքին, մեր գործով նիստերը շարունակում են հեռավար անցնել, սակայն փաստացի, դատավարական նման կարգ գոյություն չունի»,- Forrights-ի հետ զրույցում նշում է տուժող կողմի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը։

Մինչ կորոնավիրուսը, ռազմաբազան Ռազգիլդեևին չէր ներկայացնում դատարան՝ անվտանգության երաշխիքներ պահանջելով զինվորականի կյանքի համար։ Ըստ տուժող կողմի՝ նման պահաջն ակնհայտ իրավական հիմք չունի, իսկ այդօրինակ պատճառաբանությամբ ամբաստանյալին դատարան չներկայացնելը՝ իրավաչափ չէ․

«Ի սկզբանե պարզ էր, որ ռազմաբազան ամբաստանյալին դատարան ներկայացնելու նպատակ չունի»,- համոզմունք է հայտնում փաստաբանը։

Տուժող կողմի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանը նեղսրտում է դատական նիստերի նմանօրինակ ձգձգման, ապա՝ հեռավար անցման փաստով։ Նա անգամ կասկած ունի, որ Ռազգիլդեևն ազատության մեջ է, այդ պատճառով էլ նրան դատարան չեն ներկայացնում․

«Դատարանն ավելի շատ իրենց կողմից է, այնինչ սա սովորական դատ չէ, դաժան սպանություն է։ Երկու տարի երեք ամիս է անցել, բայց մամայիս մահվան գործով որևէ արդյունք չենք տեսնել, երևի թիկունք կամ ազդեցիկ հարազատ չունենք, դրա համար աչալրջություն չեն ցուցաբերում գործին։

Ես երբեք չեմ տեսել մորս սպանողի դեմքը, բայց կուզեմ արդար դատ լինի, որ օրենքի ամենախիստ պատիժը կրի։ Մամաս հետ չի գա, բայց էդի (խոսքը Անդրեյ Ռազգիլդեևի մասին է,- խմբ) պետք ա պատիժ կրի, որ խիղճս հանգստանա, թե չէ ինքն ընդեղ քեֆ կքաշի իրա համար, իսկ մամայիս ջահել կյանքն անցավ հողի տակ․․․Վիշտը մենակ տիրոջը ցավ կտա»,- հուզված ասում է Անահիտն ու ներողություն խնդրելով՝ կախում լսափողը։

Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում հետապնդել է Ջուլիետա Ղուկասյանին, ապա հասնելով կնոջը՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ղուկասյանը դեպքի վայրից տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:

Դուստրը մինչ օրս ցավով է նշում, որ չի կարողացել վերջին հրաժեշտը տալ մորը․ բժիշկներն ուղղակի արգելել են մտնել հիվանդասենյակ․

«Վերջին րոպեին երեխեն չտեսնի՞ մորը։ Ինչի՞ պետք ա ես կարոտով մնայի, մամաս՝ կարոտով երթար, ինչի՞ համար․․․»։

Անահիտի պնդմամբ՝ «մոր բերանը փակել են»։ Նա համոզած է՝ Ջուլիետայի կյանքը փրկել կարող էին, բայց՝ չեն արել․

«Երևի մամաս բան ա ասել, անուն ա տվել կամ նկարագրել, բերանը փակել են։ Իրենց ձեռ չի տվել մամայիս սաղ ըլնելը»։

Իր մտքերի մասին քննչական մարմիններին ևս հայտնել է, սակայն նշել են՝ մեր գործը չէ։

Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի մասին որոշումն ընդունելու պահից նա կրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Ռոզա Վարդանյան