«Տեսանկարահանումը կատարվել է Կապանի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ». ԱԱԾ

56

Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ այդ տեսանկարահանումը կատարել են Կապանի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

ԱԱԾ-ն ընդգծում է, որ ինչպես այս, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ, և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի:

Հաղորդագրությամբ տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից», — ասված է ԱԱԾ-ի պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տելեգրամյան ալիքի, ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց։

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը