Ադրբեջանում բարձր է հայատյացության և հայերի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանը։ Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց ատելություն պարունակող կամ հայատյացությունը խրախուսող ձևակերպումներ, հանրային խոսքից մեջբերումներ, որոնք ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Օրինակ՝ «Հայաստանը արժեք չունեցող երկիր է։ Դա իրականում գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք։ Այն Ադրբեջանի հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանի զինվորները հայերին վռդում են շների պես»։

Վերջինն, ըստ Թաթոյանի, Ադրբեջանի նախագահը ասել էր արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դարձել էր ադրբեջանցիներին ոգեշնչող կարգախոսներից մեկը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է նաև սոցիալական ցանցերը և այլ տիրույթներ, որտեղ նույնպես առկա են հայատյացություն պարունակող ձևակերպումներ։

«Ինչպես արդեն ասացի, Ադրբեջանի նախագահի «Հայերին վռդնել շների պես» արտահայտությունը պատերազմի ընթացքում դարձել էր մոբիլիզացնող նշանաբան և հեշթեգ ամբողջ աշխարհի ադրբեջանցիների շրջանում»,- ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ապացույցների հաջորդ խումբը ցուցադրեց տեսանյութերի տեսքով, որոնք վերաբերում են հայ գերիների գլխատմանը, ականջ կտրելուն և ծեծի ենթարկելուն։

 «Մեզ համար կարևոր նշանակություն ունի այն, որ այդ զինվորները, որոնք խոշտանգել են մեր հայրենակիցներին, հայկական կողմի քաղաքացիական անձանց, զինծառայողներին, օգտագործում են այն նույն բառերը, ինչ Ադրբեջանի նախագահը։ Սրանք ուղիղ կապի մեջ են»,- ընդգծեց Թաթոյանը։

Արման Թաթոյանը հայտարարեց, որԱդրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչև Ագարակ և Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է։

 «Մենք ունենք այլ ապացույցներ ևս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝  ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ և մի շարք այլ գյուղերի հարևանությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանական զինված ուժերը։

Pin It on Pinterest