«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է: Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու և ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ ինչ նշանակություն ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջադրված մեղադրանքը որակում է որպես քաղաքական հետապնդում:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021թ. և 20.02.2021թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:

Pin It on Pinterest