«Ռազմական գործողությունների առաջին օրվանից մասնակցել եմ պատերազմին։ Պայթյունների ձայնից ենք արթնացել։ Մեր համայնքից՝ Մարտունու Բերդաշեն գյուղից, կրակոցների ու պայթյունների ձայները լսելի էին, երևում էին։ Կրակոցներից անմիջապես հետո գյուղացիները հավաքվեցին գյուղապետարանի մոտ, հետո ավտոմեքենաներով հասանք «Մարտունի-3»» զորամաս, — պատերազմը վերհիշելով Forrights.am-ին պատմում է ծնունդով Արցախից 32-ամյա Սևակ Մովսիսյանը։

Նա վիրավորում է ստացել  նոյեմբերի 3-ին․ վնասվել  են Սևակի աղիները, թոքը, ձեռքը, ոտքը և մարմնի այլ հատվածներ։ ԱԹՍ-ի հասցրած հարվածից մարմնի տարբեր հատվածներում բեկորներ կան․ մի մասը հանել են, մյուս մասն էլ առաջիկայում  կհանեն: Պատերազմի մասին դժվարությամբ է խոսում։

«Պատերազմի օրերը միշտ հիշում եմ․ ամենացավալի հիշողությունները ընկերներիս կորուստի հետ կապված դրվագներն են։ Ընկերներս աչքիս առաջ զոհվում էին։ Մարտադաշտում ես նաև նոր ընկերներ ձեռք բերեցի, բայց իմ ճանաչած տղաների մեծ մասը զոհվեց»: Նա մտաբերում է իր վիրավորում ստանալու ակնթարթը, հարազատ ընկերների զոհվելու պահը։

«Երբ ԱԹՍ-ը կրակեց, ես մեջքով էի կանգնած։ Գնացել էի տղաների համար ջուր բերելու, ԱԹՍ-ն անսպասելիորեն հարվածեց ու ինձ շպրտեց․ ես ընկա գետնին  ոււ չէի կարողանում շարժվել։ Հետո  մեր հարևան Մայիսին տեսա,, նա կանչում էր՝ Սևա՛կ, արի՛, բայց ես չէի կարողանում շարժվել, ասացի՝ չեմ կարող․․․ Տղաների մի մասն էլ  վիրավոր ընկած էին կողքիս, ոմանք էլ զոհվեցին ու աչքիս առաջ իմ ընկերների մարմինների մասունքներն են», — վերհիշում է Սևակը։

Վիրավորում ստանալուց հետո Սևակին նախ տեղափոխել են Մարտունու հոսպիտալ, ապա՝ Ստեփանակերտի հիվանդանոց, այնուհետև՝ Երևան՝  «Էրեբունի» ԲԿ։ Նրա  աջ ոտքը ծնկից մինչև ոտնաթաթն ընկած հատվածը  չի զգում։  Սևակն այս օրերին բուժում է ստանում Զինվորի տանը։ 

Նա  իր մոր ու քրոջ  հետ բնակվում է Երևանում՝ վարձով։ Տան վարձն ու կոմունալ ծառայությունները վճարելուց զատ՝ նա ամեն օր մոտ երեք հազար դրամ է վճարում տանից Զինվորի տուն հասնելու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Forrights.am-ին հայտնեցին, որ նման դեպքերում պետությունը տան վարձի, կոմունալ ծառայությունների կամ ճանապարհածախսի փոխհատուցում չի իրականացնում։

Սևակի ընտանիքում աշխատում է միայն նրա եղբայրը՝ Սևակի հետ կողք կողքի կռված Սասունը՝ ստանալով շատ համեստ աշխատավարձ։ Ընտանիքը  ֆինանսական խնդիրներ ունի, բայց  Սևակի մայրը՝ տիկին Արմիդան, ասում է՝ անկախ ամեն ինչից՝  լավատես են, որովհետև պետք է լավատես լինել․ նա սպասում է այն օրվան, երբ կվերադառնան հարազատ տուն, կապրեն այնտեղ՝ թեկուզ  ադրբեջանցիներից մի քանի կմ այս կողմ։

Մասնագիտությամբ ծրագրավորող  Սևակն այս օրերին էլ  «պարապ չի մնում», օնլայն դասընթացների  է մասնակցում՝ թարմացնելով ու հարստացնելով ծրագրավորման ոլորտից ունեցած գիտելիքները։  Նա նախկինում հանքում է աշխատել՝  որպես ինժեներ, այժմ  էլ նոր դասընթացների մասնակցելով՝ հույս ունի՝ կկարողանա աշխատել ու շարունակել հոգալ իր ընտանիքի մասին։

Սևակի մայրն ու քույրն ասում են՝ շատ են կարոտել Արցախը, բայց քանի դեռ  Սևակի բուժումը չի ավարտվել, պետք է մնան նրա կողքին ու խնամեն նրան։ Սևակն  էլ իր հերթին վերականգնողական բուժման ընթացքում աշխատում  է  բոլոր վարժությունները ջանասիրաբար անել, շուտ կազդուրվել, որպեսզի բժիշկները թույլ տան օր առաջ վերադառնալ հարազատ Բերդաշեն։

Սևակը հիացմունքով է խոսում բուժաշխատողների  մասին։ Ասում է՝ նույնիսկ մասնավոր կլինիկայում աշխատող՝ իր ատամնաբույժը, իմանալով, որ ինքը պատերազմի մասնակից է,  ասել է՝ Սևակը չպետք  է որևէ վճարում անի։ 

«Մի քանի անգամ էլ պատահել է, որ տաքսու վարորդները, տեսնելով, որ Զինվորի տուն եմ գնում կամ այնտեղից տուն եմ վերադառնում, ասել են՝  բարի ճանապարհ ու առողջություն քեզ, ասել են՝ չեն կարող ինձանից գումար վերցնել», —այդ հոգատարությունն ու ջերմությունը որպես հայրենիքի պաշտպանի, ասում է իրեն  ուժ ու լավատեսություն են տալիս,- «Շուտով կվերադառնամ Արցախ։ Պետք է այնպես անենք,  որ ամեն ինչ լավ լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest