Ցույցերին լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերով հարուցվել է 3 քրեական գործ

111

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել: Դրանց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ:

Դեպքերից երկուսը կապված են «Yerkir.am» լրատվական կայքի լրագրող Լիանա Սարգսյանի հետ:  Մասնավորապես, մի դեպքում, փետրվարի 24-ին Լիանա Սարգսյանը հաղորդում էր տվել Ոստիկանությունում այն մասին, որ «Ազատության» հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձինք խոչընդոտել են իր աշխատանքին, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն: Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, երբ Լիանա Սարգսյանի ձեռքից խլել ու պատռել էին հարցադրում պարունակող պաստառը և հրել նրան: Երրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Խուլյանի և Կարեն Չիլինգարյանի հետ, երբ ընդդիմության կողմից անցկացվող երթի լուսաբանման պահին հարձակվել էին նրանց վրա, խանգարել աշխատանքին, առերևույթ հարվածներ հասցրել նրանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ: 

«Վերջին երկու դեպքերի վերաբերյալ տեսանյութը, հրապարակումներն ու գրառումները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էին Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:  Արդյունքում վերոնշյալ երեք դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ`  նախաքննություն կատարելու և դեպքերի հանգամանքները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության միջոցով պարզելու նպատակով»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվել է «Ազատության ռադիոկայան»-ի լրագրողի և օպերատորի աշխատանքը:

Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվել են լրատվամիջոցի ներկայացուցիչների վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ՝ այդ թվում կանայք:

Վնասվել է նաև տեսախցիկը:

Լրագրողական մի շարք կազմակերպությունների փետրվարի 23-ն ԶԼՄ-ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նպատակաուղղված հարձակում է իրականացվել իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Նկատելով վերջիններիս, ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել տեսախցիկը։

Նույն օրը ցուցարարների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողությունների ընթացքում հարված է ստացել «Sputnik Արմենիա» կայքի օպերատոր Արամ Ներսիսյանը։ Ավելի վաղ՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, կրկին թիրախավորվել էր «Ազատություն» ռադիոկայանը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը խոչընդոտել էր ԶԼՄ-ի աշխատանքը, իսկ երբ ռադիոկայանի թղթակիցը դիմել է այդտեղ գտնվող ոստիկաններին, վերջիններս անտարբերություն և անգործություն են ցուցաբերել։

Վերջին ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք նաև մի շարք միջադեպեր, երբ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրներն են խտրական և վիրավորական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ, թիրախավորել ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։