«Մաքսս պատերազմի գիշերը զանգեց, ստիպեց բոլորին քնից հանեմ, որ ամբողջ ընտանիքի հետ խոսի։ Ձայնն առույգ էր, բարձր, ոգևորված պատմում էր, որ զենքն ա մաքրում, պատրաստում։ Բոլորը զարմացել էին էս շտապողականության համար: Ես հասկացել էի՝  եթե տղես լրջությամբ ա պատրաստվում, ուրեմն սովորական դիվերսիա չի, պատերազմ ա․․․»։

Արարատի մարզի Վեդի քաղաք մուտք գործելիս քեզ դիմավորում է 20-ամյա զինծառայող Մաքսիմ Հովհաննիսյանի ժպտադեմ լուսանկարը: Նա անմահացավ այս պատերազմում զինվորական ծառայություն անցնելուց մեկեւկես տարի անց: Երևանի պետական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող էր, բայց ոչինչ նրան չի կանգնեցրել հայրենիքի առջև իր պարտքը կատարելուց: Թե ինչ մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ է ստացել ծանուցագիրը, հայրն այսօր սրտի հոգոցով է հիշում։

Իրականում, Մաքսիմը չպետք է ծառայության մեկներ, քանի որ կրծքավանդակի խնդիր ուներ՝ մեկը մյուսի հանդեպ ակնհատ փքվածություն էր։ Տղան, սակայն, այդ փաստը թաքցրել է զինվորական բժշկից, ապա՝ «խաբել» սարքավորմանը․

«Հերթական բուժզննման ժամանակ կրծքավանդակին սրտի ռիթմը ստուգող սարք էին ամրացրել, որ 24-ժամյա հսկողություն սահմաներ։  Մենք չգիտեինք սարքի մասին․․․Դե սարքն ի՞նչ պետք ա ցույց տար հանգիստ վիճակում, ասել էին՝ նորմալ ա, ինքն էլ ուրախ-ուրախ հորեղբոր մոտ պարծեցել էր, թե բա՝ գիտե՞ս, սարքին խաբեցի։ Հետագայում, էդ թղթով գնացի մեր հիվանդանոց, սրտաբանին ցույց տվեցի, ապշեց, ասեց՝ եթե էս դիագնոզը հաստատ ա, ինքը չպետք  ա զորակոչվեր, բայց․․․երեխես ուզում էր ամեն գնով ծառայել, ուղղակի էդ գինը շատ թանկ նստեց մեզ վրա»,- Forrights-ի պատմում է Մաքսիմի հայրը՝ Սահակը։

Չէր սպասել չափահաս դառնալուն, Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ դեռ 16 տարեկան էր, ընկերների հետ կամավորագրվել էին, հետո նեղացել, որ իրենց այդպես էլ չեն զորակոչել․․․Այդքան սպասված ծանուցագիրը Մաքսիմը ստացել էր հունվարի 29-ին, թուղթը գխավերևում բարձրացրած իջել էր զինկոմիսարիատից և հայտնել, որ բանակ է գնում․

Սեպտեմբերի 27-ին պատերազմը «մտավ» նաև Հովհաննիսյանների տուն․․․

Մաքսիմը ծառայության է անցնում Հադրությում։ Ամբողջ մեկուկես տարվա ընթացքում չի բողոքել ծառայությունից: Ծնողներին պատմել-պարծեցել է իր զենքով՝ Ֆագոտով (հակատանկային հրթիռային համակարգ)։ Այնքան լավ էր տիրապետում իր «գործիքին», որ հրամանատարական կազմը ծառայությունից հինգ ամիս անց՝ նրան արձակուրդ և պատվոգիր էր շնորհել․

«Էդ մի անգամն եկավ, գալու ժամանակ ուրախ էր, գնալու ժամանակ՝ ոգևորված։ Չգիտեինք, որ վերջինն ա լինելու, էն ամենավերջինը․․․»։

Պատերազմի սկիզբը, եթե անակնկալ էր բոլորի համար, կանախատեսելի էր Մաքսիմի և մյուս զինծառայողների համար։ Հայրն ասում է  որդին պատերազմից դեռ օրեր առաջ էր զգացնել տալիս, որ ինչ-որ կարևոր գործողության են նախապատրաստվոմ։ Արցախյան առաջին պատերազմին մասնակցած հայրը հասկացել էր, որ սա սովորական դիվերսիա չէ․․․Սեպտեմբերի 27-ին հարձակումը սկսվեց, այդ նույն պահից պատերազմը «մտավ» նաև Հովհաննիսյանների տուն․․․

«Երեխուս ձայնը հերիք էր, որ մեր օրը ծաղկեր, զանգից զանգ ենք ապրել։ Պատերազմի ողջ ընթացքում կապի մեջ ենք եղել, քիչ էր խոսում, ոչ մի բան չէր ասում հարձակումներից։ Մի օր չեղավ քիթը կախի, միշտ ասում էր՝ սաղ լավ ա, կողքը պայթյունի ձեն էինք լսում, հեռախոսն անջատում, հետո հետ էր զանգում, թե բա՝՝ նորմալ ա, դրանց լռությունն ավելի  վտանգավոր ա, էդ իրենց նման չի։ Տատիկին ասում էր՝ դեռ սպասի, մյուս կողմից (Ադրբեջանի-խմբ․) սկայպով ենք իրար հետ խոսելու»։

Մաքսիմը պատերազմի ժամանակ հաճախ է հարազատներին ասել, որ Ֆագոտով մեծ վնաս է պատճառել հակառակորդի ոչ միայն տեխնիկային, այլև՝ մարդուժին։

«Հետո ենք իմացել, որ ամենաթեժ կռիվներն իրենց մոտ ա եղել։ Երկու անգամ կարողացել են շրջափակումից դուրս գալ, որից վերջինը թշնամին ա ճամփա տվել։ Էս հանգամանքը շատ էր նեղացրել երեխուս, ասում էր՝ եթե Հադրութը հանձնեն, ես Հայաստանից կգնամ, էս հողի վրա էնքան արյուն կա, որ չեմ կարա շարունակեմ ապրել էստեղ, թուրքը երբեք իմ մեջքը չի տեսնի»։

Շրջափակման մասին ընտանիքը շատ բան չգիտեր․ Մաքսիմը միայն ասել էր, որ մոտ մեկ շաբաթ թաքնվելուց հետո դուրս են եկել, ամբողջ հագուստը հանել ու միայն զենքերը վերցրած հասել Ասկերան՝ «դժոխքից հետո՝ կուրորտ»։

Տղան ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 1-ին, նույն օրը երեկոյան՝ ընկերների հետ։ Բոլորը նշում էին, որ Մաքսիմը բարձր արիությամբ էր խոսում, հավատացած էր, որ ամեն ինչ լավ է լինելու և կորցրած հողը վերադարձնելու են․

«Իրա հավատով մեզ էր վարակել։ Մենակ երեխիս ասածներին էինք հավատում, գիտեինք, որ եթե ինքն ասել ա, ուրեմն՝ կանի։ Անգամ եղել ա ժամանակ ասել եմ՝ տղես, եթե զգաս վերջն ա, ինչքան կարող ես դրանցից (հակառակորդ-խմբ․) շատ տար հետդ։ Երբեք չեմ ասել՝ գլուխ պահի, թաքնվի, որովհետև եթե նման բան ասեի՝ ինձ կատեր։ Իմ հպարտությունն էր, իմ կարոտը, որին ես կորցրի նոյեմբերի 2-ի գիշերը՝ Ճարտար գյուղում․ սկզբում՝ ավիաբոմբն ա խփել, հետևից՝ Սմերչն ա հարվածել նույն տեղը»,- խորը հոգոց է հանում որդեկորույս հայրը։

«Իմ տղեն հայրենիքի համար ա զոհվել, արժանի ա, որ իր անունն էլ գրվի»

Տան մի մեծ անկյունն ամբողջությամբ Մաքսով էր «շնչում»։ Լուսանկարներ, շնորհակալագրեր, պատվոգրեր․․․Տղայի մասին յուրաքանչյուր պատմության ժամանակ հայրը մոտենում էր որդու լուսանկարներից մեկին, վերցնում ու կարծես նրա հետ զրուցելով ներկայացնում մեզ։

Անկյունում առանձնանում էր պայթյունից խոցված զինվորական գրքույկն ու աղոթագիրքը, որը հայրն էր դրել ծոցագրպանում։ Սահակն այն ձեռքերի մեջ է վերցնում ու հուզվում՝ էս էլ չփրկեց երեխուս․․․

«Պատերազմը մտավ մեր տուն ու դուրս չի գալիս, երբեք էլ դուրս չի գա»,- հուզված ասած Մաքսիմի մայրը, ով զրույցի ողջ ընթացքում գրեթե չէր խոսում, միայն ամուսնու յուրաքանչյուր խոսքի ժամանակ՝ լուռ հեկեկում։

Մաքսիմի զոհվելու լուրն առաջինն իմացել են հարազատները, սակայն թաքցրել են ծնողներից՝ մինչև կարողանան տղայի մարմինը հայտնաբերել։ Զինծառայողին գտնում են նոյեմբերի 4-ին՝ Գորիսում, գրպանում՝ զինվորական գրքույկով․

«Անճանաչելի էր դարձել լրիվ, բռոնին միայն կրծքավանդակն էր անվնաս պահել, էն մասը, որի պատճառով ինքը չպետք ա բանակ գնար»։

Մաքսիմի զոհվելուց գրեթե 5 ամիս է անցել, սակայն նրա անունը բացակայում է պաշտոնական հրապարակված ցուցակներում։ Հայրը պարբերաբար զանգահարել է Պաշտպանության նախարարություն և ՊԲ, սակայն որևէ հստակ պատասխան չի ստացել․

«Իմ տղեն հայրենիքի համար ա զոհվել, արժանի ա, որ իր անունն էլ գրվի»։

Ռոզա Վարդանյան
Տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Pin It on Pinterest