Հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ ԽՎ-ում

86

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ՀՀ ազգային ժողովի պատվիրակության անդամների ելույթների կարմիր թելը եղել է Ադրբեջանից գերիների անհապաղ վերադարձի հարցը, Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի արհեստական ձգձգումները: 

Այս մասին ԱԺ-ում ասուլիսում ասացին պատվիրակության անդամները՝ մանրամասներ ներկայացնելով փետրվարի 24-26-ը հեռավար ձևաչափով տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներից:

«Մեզ համար առանցքային հարցն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին վերաբերող հարցերն էին: Բացարձակ առաջնահերթություն էր գերիների հարցը: Մեր պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նստաշրջանի աշխատանքներին: Եթե ոչ ամենաակտիվը, ապա գոնե ամենաակտիվ պատվիրակություններից մեկն է եղել այս նստաշրջանում»,-ասաց պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հայաստանյան պատվիրակության անդամների ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը: Նրանք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումները, գերիների վերաբերյալ անմարդկային, դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ հայտարարության խախտմամբ, Խծաբերդի ուղղությամբ ռազմական ագրեսիան, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման հարցերը, Արցախի կարգավիճակի լուծման հարցերը: ՀՀ ԱԺ պատգամավորը շեշտել են նաև Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարևորությունը:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը ելույթ է ունեցել ռազմագերիների խնդրի մասին: «Շեշտադրումներ եմ արել այն հարցով, որ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները՝ նախ պայմանագրով, բայց եթե նույնիսկ պայմանագրով ռազմագերիների հարցը նշված չլիներ, մարդասիրական միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով Ադրբեջանը պարտավոր էր մեր ռազմագերիներին անհապաղ բաց թողնել»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ տեղեկացրել է, որ նույնիսկ պատերազմից հետո Ադրբեջանը գերեվարել է անձանց՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ, ահաբեկիչներ:

Սամսոնյանը նաև շեշտադրել է՝ Ադրբեջանն իրեն պահում է որպես ահաբեկչական երկիր, ինչը հունից հանել է թե ադրբեջանցիներին, թե թուրքերին: «Նրանք փորձ էին անում արդարանալ՝ ասելով մի վարկաբեկեք մեր երկիրը՝ առանց հասկանալու, որ նրանք արդեն իսկ վարկաբեկված են»,-նշեց պատգամավորը:

Հռիփսիմե Գրիգորյանն էլ խոսեց միջազգային գործընկերների արձագանքի մասին: Նա առանձնահատուկ կերպով նշեց ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Շվեդիայի արտգործնախարարի ելույթը: «Իր ելույթում նա խոսեց հակամարտության կարգավորման մասին՝ ասելով հետևյալը՝ թեև եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն սա դեռ չի կարելի համարել խնդրի երկարաժամկետ կարգավորում: ԼՂ հակամարտությունը կարելի է համակողմանի կարգավորված համարել այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով կքննարկեն բոլոր հարցերը, և հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը կլինի այն ձևաչափը, որով կլուծվի հակամարտությունը»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարևորեց այս ելույթը՝ այն համատեքստում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են, թե իբր հակամարտությունն արդեն լուծված է: Միջազգային այլ գործընկերները ևս ելույթ են ունեցել Արցախի հարցով՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները: