ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

98

ՀՀ ազգային ժողովը փակ նիստում քննարկում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը:

Նախագիծը հեղինակել են անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը:

Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:

Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն: