2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվող Հարություն Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան, պահանջելով փոխել, կաամ ընդհա նրապես վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը:
Forrights.am-ի հետ զրույցում Լևոն Սահակյանը հետևյալ կերպ հիմնավորեց իր պահանջը. «Չկան կալանավորման հիմքերը, մասնավորապես չկա հիմք, որ Հարություն Գրիգորյանը ազատության մեջ մնալով կխուսափի քննությունից: Գործում որևէ այդպիսի տվյալ չկա: Ինքը ինքնակամ է ներկայացել: Ծանուցում է ստացել և անմիջապես կասկածյալի կարգավիճակով ներկայացել է: Ամբողջ քննության ընթացքում միայն աջակցել է ու քննությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել: Ամենակարևորը՝ նա տարի ու կես գտնվել է անազատության մեջ: Զավեն Գրիգորյանի նկատմամբ նույնսիկ գրավը վերացվեց դատախազի կողմից և պատճառաբանվեց, որ արդեն նախաքննության ավարտական փուլում է գործը գտնվում, ուստի չկա հիմքեր գրավ կիրառելու ու կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին: Ուրեմն, ո՞րն է տարբերությունը, որ Հարություն Գրիգորյանին պահում են անազատության մեջ»:
Հիշեցնենք, որ Հարություն Գրիգորյանը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր, այն երիտասարդը, որի հետ վիճաբանության արդյունքում փոխգնդապետ Մխիթարյանը արդեն մեկ ու կես տարի գտնվում է կոմայի մեջ:
Ըստ քննչական կոմիտեի, սպան վնասվածքներ էր ստացել՝ «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»,
Եղեգնաձորի շենքերից մեկի բակում որտեղ տեղի էր ունեցել ծեծկրտուք նախկին մարզպետի կողմնակիցների և սպաների միջև: Բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Բացի Հարություն Գրիգորյանից, դեպքից մեկ ամիս անց կալանավորել էին նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, որի ներկայությունը դեպքի վայրում ծեծկրտուքի ժամանակ չէր ապա ցուցվել քննությամբ, և նրան ազատեցին կալանքից: Իսկ նոյեմբերին քննիչները ապացուցված համարեցին, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ներկայում ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որի դեպքի վայրում լինելու վերաբերյալ ցուցմունքներ կան, այնտեղ չի եղել:
Այսպիսով, այսօր դատարանի առաջ կանգնած է միայն Հարություն Գրիգորյանը, որը, ըստ քննիչների, մի հարվածով կոմայի մեջ է գցել փորձառու զինվորականին:
«Հարություն Գրիգորյանը ինքն է շտապօգնություն զանգել, ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, աջակցել է քննությանը, ունի նորաստեղծ ընտանիք: Եթե խափանման միջոցը նրա նկատմամբ չի կիրառվում որպես պատիժ, ապա անպայման պետք է վերացվի», — ասում է փաստաբան Լևոն Սահակյանը:
Տուժող կողմը, մասնավորապես փոխգնդապետ Մխիթարյանի հայր Սամվել Մխիթարյանը գտնում է, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որ ազատեն պատասխանատվությունից ՔՊ աշխատակազմի ղեկավարի ընկերներին՝ նախկին օգնականիոն և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: «Որդիս կոմայի մեջ պառկած ու ստացվում է, հէչ մեկն էլ մեղավոր չէ, բոլորն անմեղ են», — ասում է նա:
Վերաքննիչ դատարանը Հարություն Գրիգորյանի փաստաբանի բողոքին անդրադարձավ փետրվարի 25-ին: Նիստը տևեց մոտ կես ժամ: Տուժողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Գալստյանը ներկայացրեց իր առարկությունները: Դատարանը մերժեց Հարություն Գրիգորյանի փաստաբանի բողոքը:
Տուժողի ներկայացուցիչը Forrights.am-ին ներկայացրեց իր փաստարկներն ընդդեմ Հարություն Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդության: «Իրենք վիճարկում էին հավաստի կասկածը, բայց հավաստի կասկածով գործը մտել է դատարան, դատարանը խափանման միջոցը թողել է նույնը, իրենք չեն բողոքարկել՝ սա մեկ: Երկրորդ՝ եթե բողոքարկում ես հավաստի կասկածը, այդ դեպքում ինչո՞ւ են միջնորդում, որ գրավ կիրառվի, թող միջնորդեն, որ կարճվի: Երրորդ՝ հավաստի կասկածը բողոքարկում են դատարանում քննված երկու վկաների ցուցմունքների հիման վրա, բայց դատարանը իրավունք չունի այս պահին ապացույցին գնահատական տալ»:
Գրիգորյանի փաստաբանը իր բողոքը հիմնավորել էր նաև նրանով, որ իր պաշտպանյալը այսքան ժամանակ չի խոչընդոտել քննությանը: «Ոչ, ունենք տվյալ, որ սպաներից մեկը ցուցմունք է տվել, որ Հարություն Գրիգորյանը եկել, իրեն տեսել է, ասել է՝ իմ դեմ ցուցմունք մի տուր», — պատասխանեց Արտակ Գալստյանը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: