Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները համատեղ քննում են մի գործ, որը վերաբերում է «Օդնոկլասնիկի» սոցցանցի մի անհայտ օգտատիրոջ բացահայտմանը: Անհայտ այդ անձը սպառնացել և կոպտորեն ձեռք է առել 2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում մահացած զինծառայող Արթուր Գասպարյանի մորը՝ Մարինե Գասպարյանին: Մարինե Գասպարյանը, դեռ վիշտը չհաղթահարած, որդու մահից մոտ մեկ տարի անց, 2019 թվականի մարտի 31-ին նոր սթրես էր տարել: Այս օրը նա բացել էր «Օդնոկլասնիկի» սոցցանցը և տեսել էր, որ ինչ-որ մեկը որդու նկարով էջ է բացել ու իրեն նամակ է գրել. «Բարև, մամ ջան, ո՞նց ես»: Տողերի տակ՝ համբույրի նշան:

 «Միայն մի երկու բառ կարողացա կարդալ՝ գնալու եմ տղուդ գերեզմանին… ու տգեղ սպառնալիք էր: Գոռացի, հեռախոսը ընկավ ձեռքիցս: Էդ ինչ կարգի են երեխուս ատել, երեխես էդ ի՞նչ ոսկոր է եղել դրանց կոկորդին, որ երեխուս կյանքը կերան, պրծան ու էլի չեն հանգստանում: Նշանակում է, իրենց թիկունքին կա մեկը, որ իրենք վստահ են, որ չեն դատվելու ու նման արարք են անում», — ասել էր Մարինեն Forrights.am-ին: Կինը դիմել էր քննիչներին, իսկ նրանք պարզել էին, որ օգտատերը ջնջել է «Օդնիկլասնիկի» էջը:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանը տեղեկացնում է, որ այս գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեն փոխօգնության կարգով դիմել է ՌԴ քննչական կոմիտե, որից հետո ռուս քննիչները մտել են դատարան, պահանջելով «Mail.ru» կայքից առգրավել «Օդնօկլասնիկի» կայքից տվյալ անձին վերաբերող տվյալների ամբողջկան փաթեթը: 

«Ում անունով է բացված եղել տվյալ էջը, ինչ հեռախոսահամարով, և այլ  հարցեր է առաջադրել քննիչը, ու ՌԴ քննչական բաժնին հաջողվել է դատարանից թույլտվություն ստանալ ինը ը դատարանից թույլտվություն ստանալ առգրավելու նշյալ փաթեթը», — հայտնեց փաստաբանը Forrights.am-ին: Եւ այստեղ գործը կանգնել է: «Mail.ru» կայքից պատասխանել են, որ տվյալ անձի էջը գոյություն չունի:

Ինչպե՞ս եք գնահատում այս պատասխանը և ի՞նչ եք պատրաստվում անել: Մեր հարցին Խանում Մկրտչյանը պատասխանեց. «Այն, ինչ իրենք ասեցին, մենք արդեն գիտեինք հենց սկզբից՝ որ էջն այդ գոյություն չունի, որովհետւ սպառնալիքներ հասցնելուց հետո օգտատերն այն անմիջապես ջնջել է: Գասպարյանի մայրը նկարել ու պահել էր սպառնացողի տվյալները: Փաստորեն, ՌԴ քննչական կոմիտեն չի կատարել մեր քննիչների պահանջները: Այժմ ես միջնորդել եմ, որ լրացուցիչ քննչական գործողություններ կատարվեն ստանալու համար հարցերի պատասխանները՝ ե՞րբ է բացվել մեզ հետաքրքրող էջը, ում էր պատկանում և այլն: երբվանից, և այլն»:

Մնում է ենթադրել, որ կամ քննչական կոմիտեն լուրջ չի վերաբերվում իր ուղղակի պարտականություններին, կամ էլ ՌԴ քննիչները լուրջ չեն վերաբերվում  մեր իրավապահներից ստացված քննչական առաջադրանքներին:

Հիշեցնենք, որ շարքային Արթուր Գասպարյանը հրազենային մահացու վիրավորում էր ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից առաջացած:  Նախաքննական մարմինը մինչ օրս անպտուղ քննություն է վարում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով:

«Սա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է` ավելի շուտ 50/50 է», — ասել էին քննիչերը Գասպարյանի հարազատներին: Սակայն անգամ ունենալով ուղիղ ապացույցներ, որ Գասպարյանին սպանել են, քննչական կոմիտեն չի ցանկանում հրաժարվել ինքնասպանության վարկածից:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest