«Սասնա Ծռեր» դատավճիռ. Սմբատ Բարսեղյանին՝ 25, իսկ Պավլիկ Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին 7 տարի ազատազրկում

129

Սմբատ Բարսեղյանին՝ 25, Արմեն Բիլյանին՝ 4 տարի 11 ամիս, իսկ Պավլիկ Մանուկյանին 7 տարի 8 ամիս և Վարուժան Ավետիսյանին 7 տարի 4 ամիս ազատազրկում։

«Սասնա Ծռեր» խմբավորման գործով դատաքննությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մոտեցավ ավարտին։ Քրեական գործով անցնող 10 անդամների մասով դատարանը վճռեց ամենածանր պատժաչափը սահմանել Սմբատ Բարսեղյանի նկատմամբ՝ 25 տարի։ Վերջինս մեղադրվում է ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ սպանված ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար։

4 տարի 11 ամիս ազատազրկում սահմանվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին։ Վերջինս այս մասով արդարացվեց. դատարանը գտավ, որ Բիլյանի մեղքն ապացուցված չէ։ Նրա խափանման միջոց կալանքը վերացվեց՝ ստորագրություն չհեռանալու մասով։

Խմբավորման մյուս անդամներ Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվեցին։

Արայիկ Խանդոյանը, ով 2018 թվականի հոկտեմբերի 10-ին մահացավ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Հիշեցնենք, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել են զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով։

Բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս , իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

Հավելենք, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամների խափանման միջոցը փոխվեց, անազատության մեջ մնացին Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը։

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը