Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Վազգեն Մանուկյանի հնչեցրած հայտարարությունների առնչությամբ

119

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում Վազգեն Մանուկյանի հնչեցրած հայտարարությունների մասով՝ 301 հոդվածի (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հատկանիշներով, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

«Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», — հայտարարել էր Մանուկյանը: