«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Կարեն Բեքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Դատարանը միևնույն ժամանակ ոչ իրավաչափ է ճանաչել նաեւ վերլուծաբանի ձերբակալությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու հատկանիշներով։ Արամ Սարգսյաննը կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։ Արա Սաղաթելյանը ևս կալանավորել է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: