Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը մեկնարկել է

161

Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» համապետական հանրահավաք է հրավիրել:

Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է հանրահավաքը: Վերջին անգամ տարեվերջին էր շարժման կողմից նման հավաք հրավիրվել:

17 քաղաքական ուժերի պահանջը նույնն է` վարչապետի հրաժարականը: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվելու են, քննարկեն առաջիկա անելիքները:

Այսօր իր ելույթում Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները ձերբակալում են երկրին նվիրված ազնիվ մարդկանց` ի դեմս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի:

«Այսպիսի պետությունո՞ւմ էինք մենք ուզում ապրել», — հարցրեց նա, ապա անդրադարձավ տնտեսությանը` նկատելով, որ ողբալի վիճակ է, իսկ կոռուպցիան էլ ամենևին չի վերացել:

«Հարց է առաջանում` կարո՞ղ ենք այս վիճակից դուրս գալ: Այո, իսկապես կարող ենք, մենք ուժեղ ենք և կկարողանանք այս վիճակից դուրս գալ, բայց այս վիճակից դուրս գալու համար կա նախապայման` այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի, դրանից հետո նոր կսկսվեն այն իրական քայլերը, որոնք պետք է կատարվեն», — ասաց Մանուկյանը:

Ըստ նրա` պետք է բանակն արագորեն վերակառուցել, խոշոր կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, իսկ անվտանգությունը պիտի ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: