12 տարի առաջ մահակի և հակագազի միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու գործով տուժող Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին Forrights-ին ահազանգեց նրա բարեկամուհին՝ Մերի Գրիգորյանը, ով խիստ անհանգստացած էր վերջինիս առողջական վիճակով:

«Արմենը ուշ երեկոյան վատացել է, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, բայց հետո էլի բերել են «Արմավիր» ՔԿՀ, իրա առողջական վիճակը էդ ծեծից հետո ահավոր է՝ բարձր ճնշման խնդիր ունի։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նորից ՔԿՀ բերել, միգուցե բժշկի հսկողության տակ գտնվելով ավելի լավ լիներ»,- վրդովված ասաց Մերին՝, չբացառելով, որ հնարավոր է ինսուլտի նախանշաններ լինեն․

«Այսքան դեղերով իջացնում են ճնշումը, արդյունքում ստամոքսն է շարքից դուրս գալիս։ Մի խոսքով վիճակը շատ լուրջ է»։

Forrights-ի հարցմանն ի պատասխան «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ սույն թվականի հունվարի 10-ին վերջինս տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ զննության արդյունքներով ոչինչ չի հայտնաբերվել, սակայն խորհուրդ է տրվել դինամիկ հսկողության տակ պահել․

«Դատապարտյալը վերադարձել է «Արմավիր» ՔԿ հիմնարկ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս Արմեն Մարտիրոսյանը զարկերակային հիպերտենզիա 2-3 աստիճան հիպերտոնիկ կրիզներով, ինչպես նաև մի քանի այլ ախրորոշումներով գտնվում է «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» բժշկական ստորաբաժանման անձնակազմի հսկողության տակ»,-ասվում է գրության մեջ, վստահեցվում է, որ ստանում է համապատասխան բուժում։

Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերին համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։ Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը և Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանը։

Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը Forrighst-ին պատմեց, որ դեպքի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը բերման էր ենթարկվել գողության փորձի վերաբերյալ գործի շրջանակներում:

Ըստ փաստաբանի՝ այն անձը, ում տանը կատարվել է ենթադրյալ գողությանը, բարձր պաշտոնատար անձ էր, և տեսանյութը նկարել են՝ ցույց տալու համար, որ, «տեսեք, Ձեր տնից գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին ինչպես ենք խոշտանգում».

«Այս գործով միայն երկու անձ չէ, որ պետք է մեղադրյալի աթոռում լինեին: Դեպքի վայրում բազմաթիվ անձինք են եղել, որոնք կարելի է ասել, հոշոտել են անազատության մեջ գտնվող անձին, ծեծել են, տարել են այլ սենյակ, էնտեղ են անմարդկային վարվել, հետո նորից բերել են քրեական հետախուզության պետի սենյակը: Քրեական գործում կան երկու ոստիկանների ցուցմունքներ… Պետք է դատարանը այս գործով դատավճիռ կայացնի և ճանաչի խոշտանգման փաստը: Եթե այս դաժանությունները պետության կողմից անհաղորդ է մնում, նոր խոշտանգումներ են ծնվում»:

Ըստ փաստաբանի՝ եթե նմանատիպ դաժան խոշտանգումն այսօր կոծկվի և մեղադրական դատավճիռ չկայացվի, ապա մենք կարող ենք ասել, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել արդարադատության ոլորտում:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest