ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը վիճարկելու դիմումի հարցով քննությունը Սահմանադրական դատարանը հետաձգել է մինչև ապրիլի 20-ը:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց՝ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագիծը չի ուղարկել ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար: Անդրադառնալով վիճարկման մյուս պատճառին՝ Մարուքյանը նշեց, որ հանրապետության նախագահը զրկվել է Սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու լիազորությունից, այն ստորագրել է ԱԺ նախագահը:
«Այսօր ՍԴ-ն պետք է քններ այս գործով դիմումը: Ստացել ենք որոշումները, մանրամասն կուսումնասիրենք, հայտարարություն կանենք: Գործի քննությունը հետաձգվել է մինչև ապրիլի 20-ը: Գործի այն մասը, որը վերաբերում է լիազորությունների վեճին, կարճվել է, մնացել են միայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վիճարկման մասով հարցերը»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե դիմումն այդ մասով բավարարվի, հնարավորություն կլինի սահմանադրական փոփոխություններին անդրադառնալ: «Մի շարք վիճահարույց հարցեր կան, Սահմանադրությունն այնպես է գրված, որ տարբեր ձևերով սողանքներ է թողնված, բնականաբար այդ իրավիճակից դատարանը, իմ նախնական կարծիքով, օգտվել է: Ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: