Վարչապետը Գյումրիում հանդիպեց Խծաբերդում գերեվարվածների հարազատների հետ

0
31

Վարչապետն այսօր Գյումրիում հանդիպել է պատերազմից հետո Խծաբերդում գերեվարվածների հարազատների հետ: Թե ինչի շուրջ են մեկ ժամից ավելի զրուցել Նիկոլ Փաշինյանն ու ադրբեջանական գերության մեջ հայտնված շիրակցի պահեստազորայինների հարազատները, ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ էլ ծնողները չբացահայտեցին։ Գերիների հարազատները կտրականապես հրաժարվում են շփվել լրատվամիջոցների հետ, արգելում նույնիսկ իրենց նկարահանել, ասում են` չեն ուզում վտանգի տակ դնել Ադրբեջանում գտնվող իրենց զավակներին։

Հանդիպմանը մասնակցած Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ևս շատ չակերտներ չբացեց. «Քանի որ գերեվարվածների թեման շատ զգայուն է, և ցանկացած ինֆորմացիա, որ կարող է հայտնվել լրատվական դաշտում, կարող է մեր հակառակորդի կողմից օգտագործվել, թույլ տվեք որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես վստահեցնում են, որ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, և գոնե այսօր ծնողները տեղյակ եղան, թե որ ընթացքից ինչ փուլում են գտնվում, բայց էլի եմ ասում` ցանկացած տեղեկությունը, որը հավաստի կլինի կամ ոչ որ լրատվական դաշտում հայտնվում է, ցավոք սրտի օգտագործում են հենց մեր գերեվարվածների դեմ: Սա է պատճառը, որ միգուցե լրատվամիջոցների հետ հաղորդակցումն այս թեմայով շատ ավելի փակ է լինում, և տեղեկատվությունը լինում է սակավ»:

44-օրյա պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտ 62 շիրակցիներ գերեվարվեցին, հարազատները նրանցից շատերին ճանաչել էին ադրբեջանցիների տարածած տեսանյութերում։ Մինչ օրս Ադրբեջանը վերադարձրել է նրանցից 8-ին, թեև մեկ անգամ չէ, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմից հետո գերեվարվածներին պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտներ և չի ցանկանում վերադարձնել։ Նրանց նկատմամբ ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարուցել:

Պատգամավորն ասում է որ Բաքուն ժնևյան կոնվենցիան է խախտում. «Ժնևի երրորդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ նաև միջազգային ատյաններում մենք իրավական գործընթացներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»:

Թե քանի հայ գերի կա հիմա Ադրբեջանում, հստակ թիվ չկա: Մինչ օրս Հայաստան են վերադարձվել 69-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here