««Սասնա ծռեր»-ի շնորհիվ հետաձգվել է տարածքների հանձնումը»

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը պնդում է  2016թ-ին  իրենց  գործողության շնորհիվ հետաձգվել է տարածքների հանձնումը։  Նա հայտարարում է՝ իրենք ապստամբություն են իրականացրել՝ կանխելու հայրենիքի հանձնումը։

Դատարանում,  իր պաշտպանական ճառում, նա նշեց, որ Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ պատրաստ է եղել տարածքները զիջելու, սակայն միակ խնդիրը եղել է’  ով ավելի հեշտ ձևով կհանձնի։

 «Կոլեկտիվ ԿԳԲ-ին հաջողվեց մոլորեցնել հայ ժողովրդին, տանել կառափնարան և հայրենիքը հանձնել», — ասաց Վարուժան Ավետիսյանը։ 

Ըստ նրա’  «Սասնա ծռեր»-ի քաղաքական հայացքները նախկին և ներկա իշխանությունների համար անընդունելի են, կա նաև գաղափարական հիմքով քաղաքական հետապնդում։

Վարուժան Ավետիսյանը ավարտեց իր պաշտպանական ճառը’ հայտարարելով, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստին’ առողջական խնդիրների պատճառով։ Նրա հանդես չի գա նաև վերջին խոսքով և ռեպլիկով։ 

«Գագիկ Մկրտչյանի հնարավոր վնասվածքը կարող էր լինել մի քանի տարբեր անձանց արձակած կրակոցների հետևանք»

Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը։ Մի շարք հանգամանքների թվում նա անդրադարձավ ամբաստանյալներին մեղադրվող՝ բուժաշխատողների եւ ոստիկանների պատանդառությանը։

«Մեղադրողները համարում են, որ բժիշկ Խաչատուր Մուրադյանի պատանդառության հանգամանքը ապացուցված է նրանով, որ նրան ներկայացվել են պահանջներ, խնդրանքներ, և այդքանը բավարար է համարվել պնդելու, որ կազմակերպված խմբում զենքի գործադրմամբ պատանդ է վերցվել Մուրադյանը։ Այս ամենը ամփոփվում է նրա ցուցմունքով, որ իր տպավորությամբ՝ ինքը պատանդ է եղել։ Իմ համոզմամբ՝ տպավորությամբ հնարավոր չէ գնահատել պատանդառության հանցակազմի բոլոր տարրերի առկայությունը։

Ինչ վերաբերում է «կազմակերպված խմբին», ապա խմբի անդամներն ասել են, որ պատանադառության վերաբերյալ քննարկում չեն ունեցել, գնդի տարածք մտնելով՝ ոստիկաններին հորդորել են փախնել, և բավականին թվով ոստիկաններ փախել են։ Մյուսների չփախնելը պայմանավորված է եղել տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ հնարավոր հետևանքներով։ Մնացածը Խաչատուր Մուրադյանի պատկերացումներն են։ Նրան որեւէ մեկը չի ցանկացել պատանդ պահել, նրան թույլատրվել է հեռանալ»,- նշեց Եգորյանը։

Ինչ վերաբերում է այդ ժամանակ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Վալերի Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի ազատ արձակմանը, Տիգրան Եգորյանի խոսքով, դրա մասին հայտարարվել է նախապես և իրագործվել է․

«Խմբի կողմից ասվել է, որ իրենց, բնականաբար, թողնելու են հեռանալ։ Գործում չկա ապացույց, որ որևէ մեկի խելացի գործողությունների արդյունքում ապահովվել է նրանց դուրսբերումը։ Դա դատարկ զրույց է, որն ապացույց չունի։ Օսիպյանը և Վարդան Եղիազարյանը չէին կարող գնդի տարածքից դուրս գալ, եթե նման ցանկություն չդրսևորեին այսօր այստեղ գտնվող ամբաստանյալները։ Պատանդ պահելու կամքը բացակայել է»։

Տիգրան Եգորյանը խոսեց նաև ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին։ Ըստ նրա՝ ոչ միայն չի ապացուցվել անձի մեղավորությունը, այլև ապացուցվել է, որ հնարավոր վնասվածքը կարող էր լինել մի քանի տարբեր անձանց արձակած կրակոցների հետևանք։ Մասնավորապես, խոսքը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Էդուարդ Գրիգորյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Խաչատուր Մուրադյանի, Հասմիկ Ոսկանյանի (Գագիկ Մկրտչյանի այրին), Մերի Մկրտչյանի (Գագիկ Մկրտչյանի քույրը) և այլոց ցուցմունքների մասին է․

«Կարծում եմ՝ կարելի է ապացուցված համարել, որ երբ գնդի տարածք մտնելով՝ խումբն ուղղորդվել է շենք, որտեղ գտնվում էր Գագիկ Մկրտչյանը, մոտ 10-15 հոգանոց է եղել։ Ավելի ստույգ տվյալներ չկան։ Այս խմբի մի քանի անդամներ, այդ թվում՝ լուսահոգի Արայիկ Խանդոյանը, կրակահերթ են արձակել այն պատուհանների ուղղությամբ, որտեղ սենյակներից մեկում էր Մկրտչյանը՝ մինչև շենք մտնելը։ Այդ անձանց մի քանիսը կրակահերթ են արձակել այդ շենք մտնելու նպատակով դռան վրա, որպեսզի բացեն փականը։ Կոնկրետ Արմեն Բիլյանը չի եղել զինված՝ ըստ ցուցմունքներից մի մասի։

Իսկ ըստ մյուս մասի՝ կրակոցներն այն սենյակում, որում եղել է Գագիկ Մկրտչյանը, տեղի են ունեցել այն պահին, երբ Բիլյանը եղել է միջանցքում։ Այսինքն, չի գտնվել այդ սենյակում։ Ըստ Պավել Մանուկյանի՝ կրակոց արձակածը Արմեն Բիլյանը չէ, այլ Էդվարդ  Գրիգորյանը։ Սակայն Էդվարդ Գրիգորյանը չի ճանաչվել այն անձը, որը կրակել է Գագիկ Մկրտչյանի վրա։

Ըստ Մերի Մկրտչյանի նախաքննական ցուցմունքի՝ Գագիկ Մկրտչյանն իրեն հայտնել է, որ վիրավորումը ստացել է աթոռին նստած, երբ սենյակ դեռ որեւէ մեկը չէր մտել, եւ կրակոցները արձակվել էին դրսից՝ սենյակի պատուհանների ուղղությամբ։ Նախաքննական մարմինը կամ չի այցելել Գագիկ Մկրտչյանին կամ այցելել է, բայց չի արձանագրել այն, ինչ քույրը լսել է նրանից»։

Պաշտպանի պնդմամբ՝ էական է այն հանգամանքը, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու՝ Գագիկ Մկրտչյանի մահվան հիմքում կարո՞ղ էր ընկած լինել բժշկական սխալ․

«Սա հավաստում է՝ նախաքննական մարմինը չի դիտարկել հնարավորությունը մտածելու այն ուղղությամբ, որ որևէ այլ անձ ենթարկվի պատասխանատվության։ Տեղի է ունեցել ուղղորդված նախաքննություն»։

Pin It on Pinterest