«Աբովյանի ոստիկանական բաժնում իմ վստահորդից ինքնախոստովանական ցուցմունք են կորզել՝ խոշտանգման ու հոգեբանական ճնշման ենթարկելով»,- Forrights-ին է ահազանգում փաստաբան Օնիկ Առաքելյանը։
Փաստաբանի պաշտանյալը՝ 45-ամյա Արայիկ Միրզոյանն է, ում փետրվարի 6-ին գողության կասկածանքով բերման են ենթարկել, ապա ճնշում գործադրել, ինչից դրդված Արայիկը կախվելու փորձ է կատարել․
«Ձերբակալման առաջին օրն առանց փաստաբանի, պաշտպանի ներկայության Արայիկին ստիպել են ինքնախոստովանական ցուցմունք գրել, իբր՝ նախկինում քննվող գողության գործերից մի քանիսն ինքն է կատարել։ Փոխարենը խոստացել են, որ ամեն ինչ լավ կլինի ու ազատ կարձակվի, սակայն հասկանալով, որ պաշտպանյալս չի ստորագրում, սկսել են ճնշել։ Իմ ներգրավվելուց հետո Արայիկը պատմեց, որ իրեն տարել են դեպքի վայր, հրահանգել մատը դնել այս կամ այն տեղանքի վրա, ինչից հետո նկարել են ու հետ տարել բաժին»,- մանրամասնում է փաստաբանը։
Արայիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով։ Արայիկը չի ընդունում մեղադրանքը, նշելով՝ ինքը որևէ տուն չի մտել, կապ չունի մեղսագրվող գողության հետ։ Այնուամենայնիվ, երեք օր ձերբակալված մնալուց հետո դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան, որն արդեն բողոքարկվել է պաշտպանի կողմից։
Նշենք, որ կալանավորելու մասին որոշում կայացնելուց հետո Արայիկին ոչ թե քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել, այլ կրկին հետ տարան բաժին։ Քննիչ Սոս Սեդրակյանը ևս 3 օր նրան բաժնում պահելու որոշում է կայացրել: Պաշտպանի խոսքով՝ սա ընդամենը քողարկված գործողություն է եղել․
«Քննչական գործողություններ կատարելու պատրվակով պահել են իրենց մոտ, որ «օրինական» ճանապարհով փորձեն իրենց անօրինական գործողությունները հասցնեն տրամաբանական ավարտին և իրենց ցանկալի ցուցմունքը կորզեն։ Արայիկին բերման ենթարկելու ժամանակ ասել են՝ էսի քո ձեռագիրն ա, էդ գողությունները դու արած կլինես։ Ասել են՝ մենք ենք քո փաստաբանները, մենք ենք քո շահերը պաշտպանելու։ Հոգեբանորեն շատ մեծ ճնշում են գործադրել իր վրա»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Forrights-ին էր ահազանգել նաև Արայիկի կինը, ում խոսքով՝ բերման ենթարկվելուց երեք օր անց է միայն կարողացել տեսնել ամուսնուն՝ դատարանում․
«Արայիկն անճանաչելի էր դարձել, շատ ընկճված վիճակում էր, գրեթե բառ չէր փոխանակում, կարծես՝ ծերացած լիներ։ Հենց ինձ սկզբում տեսավ, ասեց՝ Նառ ջան, խնդրում եմ, ինձ մենակ չթողնես։ Շատ վատ էր, ես իրեն էդպես երբեք չէի տեսել․․․Վզի հատվածում կարմրություն էլ կար, ձայնն էլ մի տեսակ էր, խոստովանեց, որ կախվելու փորձ ա կատարել։ Հարցրի՝ պատճառը ո՞րն էր, ասեց՝ չեմ կարող ասել։ Իր վրա հոգեբանական մեծ ճնշում են գործադրել, չեմ բացառում նաև բռնությունը»,- նշել էր Նառա Հարությունյանը։
Միրզոյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առնչությամբ ահազան է ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Արագ արձագանքման խումբը տեսակցել է Արայիկին ու հաստատել ինքնավնասման փորձի մասին տեղեկությունը․
«ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել է Արայիկ Միրզոյանի փաստաբանի հետ, ապա իրականացվել է այց ՁՊՎ։ Տեղի է ունեցել առանձնազրույց, ապա քննարկում ոստիկանության աշխատակիցների հետ: Արայիկ Միզոյանը գրավոր դիմում է հասցեագրել պաշտպանին։ Հիմք ընդունելով գրավոր դիմումով բարձրացված հարցերը՝ Պաշտպանը գրություն կհասցեագրի Գլխավոր դատախազություն»,- Forrights-ին ի պատասխան տեղեկացրել էին ՄԻՊ աշխատակազմից։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: