ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջման ավարտից հետո այս մասին հայտնեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ընդմիջման ընթացքում դատարան է ժամանել Շտապօգնության ավտոմեքենա՝ Խաչատուրովին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Նշենք, որ մինչ այդ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի հետ կապված, ինչը քննարկվել է դռնփակ կարգով։

Հաշվի առնելով Խաչատուրովի առողջական վիճակը՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Pin It on Pinterest