«Ակնհայտ է, որ այս պահին այդ հարցն օրակարգ բերելը բացառապես քաղաքական երանգ ունի և քաղաքական շահ է սպասարկում»,-այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը, անդրադառնալուվ նախօրեին ԱԺ ՀՀ ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը։
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:
Նախագիծը հեղինակել են ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը: Առաջարկվում է պետական դավաճանության համար՝ ցմահ, լրտեսության համար 12-20 տարի ազատազրկում։
«Օրենքի այս նախագիծն ակնհայտ քաղաքական նկատառում ունի, այստեղ իրավական ոչ մի տարր չկա։ Ես հակված չեմ, որ խստացնելով ինչ որ հարցեր կլուծվեն»,-նշեց փաստաբանը՝ խիստ կասկածելով, որ խստացնելով իրենք իրենց առջև դրված խնդիրը կլուծեն և դավաճանության կամ լրտեսության համար մեղադրվողները կքչանան։
«Ես կարծում եմ, որ այդ սանկցիաները բարձացնելով, մենք շատ հաճախ՝ գրեթե 80-90 տոկոս, չենք ունենում ցանկալի արդյունքը․ խստությամբ շատ հարց չես կանխի»,-նկատեց Գևորգ Գյոզալյանը։
Նախագծի հիմնավորման մեջ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները մասնավորապես նշել են․
«2020թ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը»:
ԲՀԿ-ականներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար։
Իրավապաշտպան Վարդան Հարթությանը Forrights-ի հետ զրույցում անդրադարձավ առաջարկվող օերնքի նախագծի այն դրույթին, որով նախատեսվում է ցմահ դատապարտել դավաճանության համար, վերջինս նկատում է, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ գործող օրենքը սահմանում է ազատազրկում 10-15 տարի, ինչը լրիվ նորմալ է և ողջամիտ, իսկ խստացնելով ոչինչ չի փոխվի՝ դավաճանողը կդավաճանի․
«Ցմահ դատապարտելը, ըստ էության, շատ դաժան և շատ ծանրագույն պատիժ է։ Չպետք է լինի նման ազատազրկում, պետք է լինի պատժաչափ, որ մարդն իմանա՝ այն կրելուց հետո կամ ուղղվելուց հետո կարող է ազատ արձակվել»,-ասաց իրավապաշտպանը, հստակեցնելով․ «Ցմահը, դա մահապատժից առավել ծանր պատժաձև է, որն անընդունելի է»։
Թե օրենքի այս նախագծի նպատակը որն է, իրավապաշտպանը դժվարացավ պատասխանել, սակայն ենթադրում է, որ նախագիծը օրակարգ բերելը կապված է պատերազի հետ։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև այս ու այն կողմ «ազգի դավաճան», «դավաճան», «լրտես» պիտակներն այս ու այն կողմ շռայլող թե´ իշխանության ներկայացուցիչներին, թե´ իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերին, նշելով, որ բոլորն այս թեմայի շրջանակներում միատեսակ են մտածում և ամենուր իրենց հակառակորդներին թիրախավորելիս որակում են ամենածանր և ամենադաժան պիտակներով․
«Երկու կողմի այս մոտեցումը համարում եմ սխալ, քանի որ չի կարելի մարդուն տալ ամենածանր որակումներն առանց հիմնավոր ապացույցների, չի կարելի զգացմունքների ազդեցության տակ մարդկանց պիտակավորել, իսկ եթե որևէ մեկն ունի հիմքեր՝ այս կամ այն մարդու դավաճան և լրտես լինելու փաստով, ապա պետք է ներկայացնի դրանք, ոչ թե վերացական մեղադրանքներ հնչեցնի և մեր հասարակությանն էլ մոլորեցնի այն թեզով, որ մենք ապրում ենք դավաճանների միջավայրում»,-կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Նշենք, որ գործող օրենքները պետական դավաճանության համար սահմանում են 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար 8-ից 15 տարվա ազատազրկում։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: