«Մեր ու տղա միասին ծառայել ու ապրել ենք, մենակ էին, միայն իրար ունեինք»

44-ամյա նախկին զինվորական Օվսաննա Նազարյանի որդու զոհվելու կադրերը ադրբեջանական աղբյուրները հրապարակել էին որպես իրենց հաղթական ապացույցներից մեկը։ 24 տարեկան տղան՝ Ալեքսանդր Ֆարմանյանը, պայմանագրային զինծառայող էր, 18 կայանի օպերատոր, ծառայությունն անցկացնում էր Կապանի զորամասում՝ օդային տարածքն էր հսկում։

Ենթասպայի հաստիքում գտնվող մայրը որդու մենակ չթողնելու համար, հրաժարվել էր գնալ Գորիս՝ լեյտենանտի կոչման եռամսյա դասերի, փոխարենը նախընտրել Կապանում ավագ խոհարար լինել։ Բացատրում է՝ ինքն ու որդին շատ կապված էին, կարոտն անսահման էր․

«Ծառայել եմ ռազվեդկայում, երկու տարի անց՝ տանկային գումարտակում, Կուբաթլու եմ եղել 8 ամիս։ Էս վերջում՝ 10 ամիս, որ տղաս միայնակ չլինի, ծառայել եմ հակաօդայինում։ Մասնակցել եմ Ապրիլյան պատերազմին, տղես էլ 2017 թվականի պարտադիր ժամկետային ծառայությունից հետո, մտել է պայմանագրային զինծառայող։ Մեր ու տղա միասին ծառայել ու ապրել ենք, մենակ էին, միայն իրար ունեինք»,- հուզմունքը հազիվ զսպելով Forrights-ին է պատմում տիկին Օվսաննան։

Մայրն ու տղան խաղաղ ծառայում էին, երբ օգոստոս ամսին զորամասում սկսեցին անհասկանալի իրադարձություններ կատարվել։ Տեխնիկան, որը տարիներ շարունակ գտնվում էր զորամասի տարածքից դուրս՝ անտառի մեջ քողարկված, ԱԹՍ-ների համար դժվար տեսանելի տեղում, ներքին հրամանով իջեցվում է այդ դիրքից և տեղակայվում զորամասի բաց տարածքում։ Բացի դրանից, կարևոր նշանակություն ունեցող հակաօդային պաշտանության ստորաբաժանումների մի մասը չէր աշխատում, ինչի մասին տեղյակ էին «վերևներում»։

«Անօդաչուն հարվածում ա ու բոլորին շպրտում մի կողմ․ ես տեսել եմ որդուս զոհվելը, ես էդ ցավը զգացել եմ․․․»

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ամբողջ զորամասը բերվում է համար 1 պատրաստության, սակայն, զորամասը դատարկելու հրաման չի լինում, ինչը ոչ միայն տարօրինակ, այլև վտանգավոր բացթողում է․

«Որպես զինվորական, ես գիտեմ, որ պատերազմական իրավիճակում հենց տագնապը տալիս են, զորամասերը պետք ա դատարկվեն, իսկ մեզ մոտ ամսի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ը զորամասից մարդ չի հանվել։ Այդ հրամանը տրվում է միայն զորամասին հարվածելուց մեկ օր առաջ, որդուս զոհվելու նախորդ օրը․․․»։

Հոկտեմբերի 9-ին Ալեքսանդրը զանգահարում է մորն ու ասում, որ հեռախոսին ուշադիր լինի, բրդուճներ պատրաստի իրենց համար, քանի որ իրենք զորամասից դուրս են գալիս անհայտ ուղղությամբ։ Հեռախոսազանգ, այդպես էլ չի լինում, չնայած այն հանգամանքին, որ մայրն ամբողջ գիշեր անքուն սպասել է որդու զանգին։ Առավոտյան 09։51 րոպեին ԱԹՍ-ն հարվածում է տեխնիկային և նրա մոտ գտնվող երեք զինծառայողի, որոնց մեջ էր նաև Ալեքսանդրը․․․

«Տղաներն էդպես էլ զորամասից դուրս չեն եկել գիշերը։ Տեխնիկայի մոտ կառաուլ չի եղել, Ալիկս ա ԱԹՍ-ի ձայնը հեռվից լսել ու բավականին երկար տարածք ոտքով վազել, որ տեխնիկայի վրա աշխատող իր երկու ընկերներին զգուշացնի սպասվելիք հարվածի մասին։ Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութում երևում ա, թե ինչպես ա որդիս վազում՝ հետևից էլ՝ շունը, ու հենց հասնում են բաց տարածքում գտնվող տեխնիկայի մոտ, անօդաչուն հարվածում ա ու բոլորին շպրտում մի կողմ։ Ես տեսել եմ որդուս զոհվելը, ես էդ ցավը զգացել եմ․․․»։

Հարվածի հետևանքով երեք զինծառայողներից մեկը տեղում է մահանում, մյուսը՝ Շտապ օգնության մեքենայում, Ալեքսանդրին հասցնում են հիվանդանոց և շտապ վիրահատում ձեռքը։ Սակայն պարզվում է, լուրջ վնասվածքը ոչ թե թևից էր, այլ որովայնում բեկորի առկայությունից, ինչի պատճառով ներքին արյունահոսություն է սկսվում և կարճ ժամանակ անց՝ Ալեքսանդրը մահանում է․

«Էստեղ բժիշկների սխալն ա եղել, իրենք ուշ են հասկացել, որ ներքին արյունահոսություն կա, բացի դրանից, եթե իմ տղայի վրա «բռոնի» լիներ, հիմա ինքը ողջ կլիներ։ Էդ երեխեքը կարող էին մահից խուսափել, եթե կառաուլը տեղում լիներ, որ զգուշացներ, տեխնիկա իջեցնող հրամանատարը նման հրաման չարձակեր, պատերազմի օրը զորամասից դուրս գային․․․Չգիտեմ էլ, էս քայլերը կանխամտածվա՞ծ, թե՞ իմացության պակասի արդյունք ա եղել»,- խոր ցավով ասում է որդեկորույս մայրը։

Հաջորդ անհասկանալի իրադարձությանը տիկին Օվսաննայի հետ պատահել է որդու մահից օրեր անց, երբ իր հեռախոսին անհայտ համարից զանգ է եկել, որին պատասխանել է հարազատներից մեկը։ Հեռախոսից այն կողմ ներկայացել են որպես Օվսաննայի ծառայակից ընկեր և հարցրել Ալեքսանդրի մասին․

«Երբ բարեկամս ասել ա, որ Ալիկս զոհվել ա, միանգամից հարցրել են՝ բա տեխնիկան ի՞նչ ա եղել։ Ոչ մի խոսք կամ ցավակցական բառ չեն ասել որդու մահվան մասին, իրենց տեխնիկան ա հետաքրքրել։ Իմ ծառայակից ոչ մի ընկեր նման բան անել չէր կարող, ես չգիտեմ զանգողն ով ա եղել»,- համոզմունք է հայտնում տիկինը։

Այսօր միայնակ մնացած մայրը միայն մի բան է ուզում՝ գտնել որդու մահվան համար պատասխանատու անձանց և պատժել նրանց օրենքի ողջ խստությամբ։ Իր այս ցանկության համար Օվսաննան ճշմարիտ բացատրություն ունի՝ հրամանատարական անփութության կամ դավաճանության համար ոչ մի անմեղ երեխա չպետք է զոհվի․

«Ես չեմ չարացել, ուղղակի ցանկանում եմ պատժվեն էդ մարդիկ, որ ուրիշ ծնողներ չզգան էն, ինչ ես եմ էսօր զգում։ Մեղավորները չպետք ա շարունակեն հանգիստ ծառայել»։

ՊՆ-ն, առանց որևէ հստակ պատասխանի, որդեկորույս մորն ուղարկել է պահեստազոր

Օվսաննա Նազարյանի համար այս ընթացքում ևս մեկ հարված է ստացել․ կորցրել է տարիների վաստակած աշխատանքը։ Պաշտպանության նախարարությունն առանց որևէ հստակ պատասխանի կնոջն ուղարկել է պահեստազոր։

«Պատերազմից ամիսներ առաջ ես որդուս աշակերտն էի, ինձ ՀՕՊ-ի տեխնիկայի վրա էր սովորեցնում, այդ ժամանակ թղթերս ուղարկվել էր նախարարություն, ես դեռ ստաժոր էի համարվում։ Սեպտեմբերի սկզբին մեր գեներալ Արմեն Վարդանյանը՝ ՀՕՊ վարչության պետը, գալիս ա զորամաս՝ իբր ստուգայցի, հենց իմանում ա, թե ինչ տեխնիկայի վրա եմ, ասում ա՝ կինը ո՞նց կարա նման պաշտոնի լինի։ Ինչ-որ անհեթեթ առաջադրանք ա տալիս, հստակ իմանալով, որ դրա կատարումը մինչև 10 հոգի մարդաուժ ա պահանջում և ես միայնակ անել չեմ կարող։ Այդ առաջադրանքը պատճառ ա բերում ու թուղթս չի ստորագրում, ինչի արդյունքում սեպտեմբերի 21-ից ինձ գցում են կադրերի հսկողության տակ»,- Forrights-ին է պատմում Օվսաննան։

Ըստ սահմանված կարգի, երեք ամիս կադրերի բաժնում մնալուց հետո, դեկտեմբերի 1-ին որդեկորույս մորն ուղարկում են պահեստազոր։ Կինն այս պահին ոչինչ չունի, միակ որդին զոհվել է, չունի եղբայր, ընտանիք և աշխատանք։ Օվսաննայի խոսքով՝ օգտվել են հենց այս հանգամանքից, որ ինքը մենակ է․

«Իմ ծառայության ողջ ընթացքում ինձնից երբեք որևէ դժգոհություն չի եղել, հրամանատարությունս և բարձրաստիճան զինվորականների կողմից միշտ գովեստների եմ արժանացել։ Ամբողջ կյանքս թիկունքիս մարդ չեմ ունեցել, ինչ-որ մեկի սիրուհին չեմ եղել, երևի դրա համար էլ էսօր սենց են վարվում ինձ հետ․․․»։

Ռոզա Վարդանյան
Տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest