«Աբովյանի ոստիկանական բաժնում ամուսնուս խոշտանգել են, ճնշումների են ենթարկել, ինչից դրդված ինքնավնասման փորձ ա կատարել՝ ցանկացել ա կախվի, որ իրեն ազատի անտեղի մեղադրանքներից»,- Forrights-ին է ահազանգում 45-ամյա Արայիկ Միրզոյանի կինը՝ Նառա Հարությունյանը։
Կնոջ պատմելով՝ փետրվարի 6-ին առավոտյան ամուսինը տանից դուրս է եկել, ընթացքում կարողացել է կապ հաստատել հետը ժամը 16։00-ի սահմաններում, ինչից հետո Արայիկն այլևս չի պատասխանել հեռախոսազանգերին։ Կինն ամուսնուց տեղեկություն է ստացել կեսգիշերին մոտ, երբ Արայիկը զանգել է քրոջը և տեղեկացրել, որ ինքն Աբովյանի բաժնում է․
«Էդ գիշերով չգիտեի ինչ անեի, զանգեցի Հերթապահ մաս, որ գոնե մի տեղեկություն իմանամ։ Միայն ասեցին՝ գողություն կատարելու կասկածանքով ա բերման ենթարկվել։ Հաջորդ օրն էլ չկարողացանք ոչ տեսակցել, ոչ՝ նորություն իմանալ։ Էդ ընթացքում ինքը փաստաբան էր պահանջել, չէին տրամադրել։ Միայն ձերբակալման երրորդ օրը մեր փաստաբանը կարողացավ մտնել ամուսնուս մոտ»։
Արայիկը ձերբակալումից ազատ արձակվեց 17։45-ին և ուներ ընդամենը մի քանի րոպե ժամանակ՝ մինչ կալանքի նիստը կսկսվեր։ Կնոջ խոսքով՝ ամուսինն անճանաչելի էր դարձել, շատ ընկճված վիճակում էր, գրեթե բառ չէր փոխանակում, կարծես՝ ծերացած լիներ․
«Հենց ինձ սկզբում տեսավ, ասեց՝ Նառ ջան, խնդրում եմ, ինձ մենակ չթողնես։ Շատ վատ էր, ես իրեն էդպես երբեք չէի տեսել․․․Վզի հատվածում կարմրություն էլ կար, ձայնն էլ մի տեսակ էր, խոստովանեց, որ կախվելու փորձ ա կատարել։ Հարցրի՝ պատճառը ո՞րն էր, ասեց՝ չեմ կարող ասել։ Իր վրա հոգեբանական մեծ ճնշում են գործադրել, չեմ բացառում նաև բռնությունը»։
Դատարանը Արայիկ Միրզոյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց, սակայն նրան ոչ թե քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին, այլ կրկին հետ տարան բաժին։ Քննիչ Սոս Սեդրակյանը ևս 3 օր նրան բաժնում պահելու որոշում է կայացրել: Միրզոյանի պաշտպան Օնիկ Առաքելյանի խոսքով՝ սա ընդամենը քողարկված գործողություն է եղել․
«Քննչական գործողություններ կատարելու պատրվակով պահել են իրենց մոտ, որ «օրինական» ճանապարհով փորձեն իրենց անօրինական գործողությունները հասցնեն տրամաբանական ավարտին և իրենց ցանկալի ցուցմունքը կորզեն։ Արայիկին բերման ենթարկելու ժամանակ ասել են՝ էսի քո ձեռագիրն ա, էդ գողությունները դու արած կլինես։ Ասել են՝ մենք ենք քո փաստաբանները, մենք ենք քո շահերը պաշտպանելու։ Հոգեբանորեն շատ մեծ ճնշում են գործադրել իր վրա»,- Forrights-ին իրավիճակը ներկայացրեց փաստաբանը։։
Միրզոյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առնչությամբ ահազան է ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Արագ արձագանքման խումբը տեսակցել է Արայիկին ու հաստատել ինքնավնասման փորձի մասին տեղեկությունը․
«Արայիկ Միրզոյանի կինն ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ ՁՊՎ-ում ստիպել են ամուսնուն հրաժարվել փաստաբանից և մտավախություն ունի, որ ամուսնու նկատմամբ վատ վերաբերմունք կդրսևորվի։ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել է Արայիկ Միրզոյանի փաստաբանի հետ, ապա իրականացվել է այց ՁՊՎ։ Տեղի է ունեցել առանձնազրույց, ապա քննարկում ոստիկանության աշխատակիցների հետ: Արայիկ Միզոյանը գրավոր դիմում է հասցեագրել Մարդու իրավունքների պաշտպանին։ Հիմք ընդունելով գրավոր դիմումով բարձրացված հարցերը՝ Պաշտպանը գրություն կհասցեագրի Գլխավոր դատախազություն»,- Forrights-ին ի պատասխան տեղեկացրին ՄԻՊ-ից։
Հոդվածի հրապարակման ժամանակ տեղեկացանք, որ Արայիկ Միրզոյանին երեկ տեղափոխել են «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: