Դատախազ Գևորգ Սարգսյանը Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա փոխանցմամբ` այս որոշումը կայացվել է` ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և այսօր ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, «հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Վ. Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները», ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Բադասյանին ՀՀ վարչապետի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ, նա կալանավորվել էր:
Գլխավոր դատախազի խորհրդականը նաև անդրադարձել է Վահան Բադասայանի կալանավորման վերաբերյալ տարբեր քննարկումների:
«Չնայած քրեական գործով մեղադրյալ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դատական քննության վերաբերյալ դատախազության պարզաբանումներին, առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձևավորվել այն անհեթեթ կարծիքը, թե, իբր, Վ. Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով:
Հերթական նման փորձը կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ: Մինչդեռ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վ. Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին իր օրինական և հիմնավոր որոշման մեջ արձանագրել է ոչ միայն հիմնավոր կասկածի, այլ նաև՝ օրենքով սահմանված կալանավորման մի քանի հիմքերի առկայությունը, որոնք փաստարկված ներկայացված են եղել նաև վարույթն իրականացնող մարմնի միջնորդության մեջ: Ի թիվս այլ հիմքերի, դատարանը, հատկապես շեշտել է Վ. Բադասյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականությունը», — պարզաբանել է նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: