Քոչարյանի գործով վկային որպես տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

106
Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը։

Նիստի սկզբից դատավորը հայտնել է, որ դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 4-ին դատարան է ստացվել գործով վկա Բաբկեն Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանի դիումը՝ Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ։

Պաշտպանը հայտնել է, որ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ներքին զորքերի ծառայող Բաբկեն Մկրտչյանն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հիմա հաշմանդամության երրորդ կարգ ունի։ Հայտնի է նաև, որ մարտի 1-ի մայր գործից անջատված մասով Մկրտչյանն ունի տուժողի կարգավիճակ։

Մեղադրող կողմը ներկայացնող դատախազը չի առարկել: Պաշտպանական կողմը նույնպես չի առարկել, սակայն հիշեցրել է, որ սույն գործով տուժող չի կարող լինել։

 «Սույն գործով տուժող չի կարող լինել, բայց եթե որևէ մեկն ունի տուժողի դատավարական կարգավիճակ, ապա պաշտպանները չեն առարկում դրա դեմ»,- ասել է պաշտպան Արամ Օրբելյանը։

Պաշտպան Խուդոյանը նշել է, որ նման իրավիճակում պետք է փաստել, որ արդեն 1.5 տարի է խախտված են տվյալ անձի իրավունքները։ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծել է, որ սույն գործը չի վերաբերում սպանությունների կամ մարմնական վնասվածք հասցնելու փաստերին, հետևաբար, գործով տուժող չի կարող լինել։

Լսելով կողմերին՝ դատարանը գտավ, որ դատավարության այս փուլում հնարավոր չէ լուծել միջնորդությունը, քանի որ սույն գործով Մկրտչյանը դատակոչված է որպես վկա և պետք է ցուցմունք տա։ Դատարանը հետաձգել է միջնորդության լուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։