Բողոքի ակցիա՝ Վահան Բադասյանին ազատ արձակելու պահանջով

96

Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա է ընթացել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանին ազատ արձակելու պահանջով:

Ակցիայի մասնակիցներից Արթուր Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ իրենց ակցիան քաղաքական բնույթ չունի, միայն իրենց ազատամարտիկ ընկերոջ կյանքը փրկելու քայլ է:

«Արցախյան պատերազմների լեգենդար հրամանատար, առաջին պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանը պատերազմում գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել եւ հիմա բանտային կյանքը հետվիրահատական հատվածի հետ ուղղակի անհամատեղելի է: Բանտը այն վայրը չէ, երբ մարդը կարող է վերականգնել առողջությունը, հատկապես, որ այն վերաբերում է գլխի ծանր վիրահատություններին:

Կալանքի կիրառման հիմքերից մեկը համարվել է նրա մշտական բնակության վայր չունենալը, մինչդեռ պարոն Վահան Բադասյանը տուն չունի, որովհետեւ այս պատերազմի ժամանակ Հադրութի իր տունն անցել է թշնամու վերահսկողության տակ:

Մենք հայ մարդուն տանում ենք մահվան կամ առողջության կորստի: Եթե Աստված մի արասցե, ունենանք Վահան Բադասյանի կյանքի կորուստ, կա՞ մեկը, որ դրա համար պատասխան տա: Եթե սա քաղաքական ռեպրեսիա չէ, ապա բոլորս գիտենք, որ նմանատիպ սպառնալիքներ տեղացել են նաև այլ մարդիկ, բայց կալանավորվել է միայն Վահան Բադասյանը»,- ասաց նա ու հուզվեց:

Նա նաեւ հավելեց, որ իր համոզմամբ, անգամ դատախազը հոգու խորքում վստահ է, որ պարոն Բադասյանը փախչող տեսակ չէ. «Եթե ներկա իշխանությունները փախնողների դեմն առնող տղերք էին, թույլ չէին տա, որ այս 2,5 տարում այնքան մարդիկ փախչեին: Դուք թույլ տվեցիք, որ փախչողները փախչեն»:

Քաղաքագետ Արա Պապյանն էլ հավելեց. «Այո, պարոն Բադասյանը միտք է ասել, բայց նման մտքեր ասել են շատ շատերը: Այստեղ քաղաքական հետապնդման երանգ կա: Եթե դա ընկալում ես սպառնալիք, հստակ պետք է որակվի, թե այդ խոսքը իրականանալու ինչպիսի հնարավորություն ուներ»:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն էլ իր հերթինհ նշեց․ «Հանցագործները կալանավորել են ազգի հերոսին, ինչ է թե ասել է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է շանսատակ անել: Ես էլ եմ շանսատակ անելու: Իմ պես հազարները կան․․․»:

Նա համոզմունք հայտնեց, որ Վահան Բադասյանի կալանավորման իրական պատճառն այն է, որ Հայաստանում ձևավորվում էր ազնիվ ազատամարտիկներից բաղկացած Հայ ազատամարտի ռազմական խորհուրդ, որի անդամ է Վահան Բադասյանը.

«Դրա հաջորդ օրը միանգամից կալանավորեց: Մարդու աչքը սկզբից հանում են, հետո գլխատում են, ասելով, որովհետեւ կույր ես: Հիմա Վահան Բադասյանի հայրենիքը դավադրաբար վաճառում են, ազգը ցեղասպանության են ենթարկում, ցեղասպանությունը կանխողներին դատապարտում են: Վահանի պես քաջազնունին այսօր բանտում է: Այս ապիկար իշխանությունները ի վերջո հայտնվելու են Սերժ Սարգսյանի անվան աղբանոցում: Պահանջում են՝ բաց թողեք հերոսներին»:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։

Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։