«Ես եմ» ծրագրով ծառայող զինվորներին արձակուրդ չեն ուղարկում

201

«Ես եմ» ծրագիրը, որը ՀՀ և Արցախի զինուժում կիրառվում է 2017 թվականից և կոչված էր խրախուսելու առաջնագծում ծառայել ցանկացողներին, այլևս արդյունավետ չի գործում: Պետությունը խախտում է «Ես եմ» ծրագրով կնքված պայմանագրերը զինվորների հետ, փաստացի խախտելով նրանց իրավունքները: 

Forrights.am-ին հայտնի դարձավ, որ Կռասնիի զորամասում մի խումբ զինծառայողների չեն տրամադրում հերթական արձակուրդը: «34 օր է, տուն չենք գնացել: Մեր պայմանագրում գրված է, որ 21 օր պետք է ծառայության մեջ լինենք և 7 օր՝ տանը, բայց մեզ արձակուրդ չեն տալիս: Այս հարցով մինչև կորպուսի հրամանատար ենք հասել: Մեզ ասել են՝ ձեր հարցով կզբաղվենք: Բայց օրերը անցնում են, մեր արձակուրդը չեն տալիս», — մեզ պատմեց զինվոր Ա-ն:

Նրա խոսքերով, իրենց վաշտում ևս երեք զինվորներ կան, որոնք նույնպես ծառաւում են «Ես Եմ» ծրագրով և որոնց պայմանագրերի կետերը խախտվում են:

Տղաները նաև հայտնեցին, որ այս ընթացքում ոչ բոլորին են զրկել արձակուրդի իրավունքից: «Մեզ հետ կան զինվորներ, որոնց ուղարկել են արձակուրդ: Ոնց է, որ մեկին կարելի է ուղարկել, մյուսներին ոչ»:

Տղաների անունները չենք հրապարակում նրանց խնդրանքով:

Պարզաբանումների համար դիմեցինք պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանին:

Նա Forrights.am-ին հայտնեց, որ իրոք, կա նման խնդիր, որ մի խումբ զինծառայողներ դեկտեմբերին Արցախից եկան արձակուրդ և չկարողացան հետ գնալ անվտանգության նկատառումներով: Նրանք պայմանագրեր են կնքել Արցախի պաշտպանության բանակի հետ, սակայն այսօր ծառայում են Հայաստանում: հենց սրանով է պայմանավորված բարդությունը:

 «Նրանց բոլորին բաշխել են Հայաստանի տարբեր զորամասերում: Այդ զորամասերը իրավասություն չունի նրանց արձակուրդ ուղարկելու, քանի որ իրենք այդ զորամասի ենթակայության տակ չեն: Նրանք զուտ տեղակայված են այդտեղ: Եւ ոչ միայն Ձեր ասած տղաները, այլև մյուսները: Օրենքով նրանց կարող է արձակուրդ ուղարկել միայն Արցախի զորամասը, բայց այս պահին նրանք դեռ անվտանգության հարցերը լուծված չեն, և չեն կարող գնալ Արցախ: Կարող եմ վստահեցնել, որ մոտ ժամանակներում նրանց արձակուրդի հարցը կլուծվի: Այս պահին դրա վրա աշխատում են», — ասաց Գևորգ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով ծառայողները արտոնություններ ունեն, այդ թվում գումարային: Այն տևում է 3 տարի: Զինծառայողները մեկ շաբաթ`արձակուրդում էին անցկացնում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Վերջին պատերազմի արդյունքում այս ծրագրի բնականոն ընթացքը, փաստորեն խաթարվել է և չի բացառվում, որ այն վերանայվի: Տեսնելով, թե ինչպես է պետությունը «կատարում» իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները, հազիվ թե երիտասարդների  մոտ ցանկություն առաջանա զորակոչվելու  «Ես եմ» ծրագրով:

Սյուզան Սիմոնյան