Իրավապաշտպան, «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար Արշակ Գասպարյանը բաց նամակ է հրապարակել՝ անդրադառնալով օրերս ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարություններին․
«Օրերս (հունվարի 26-ին) ՀՀ արդարադատության նախարարն իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն էր տարածել, որտեղ, ի թիվս այլնի, նշել էր (ամբողջ գրառումը կցված է), որ բանտային առողջապահության ոլորտն առաջընթաց է ապրում, և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի և Քրեակատարողական ծառայության հետ սերտ համագործակցության շնորհիվ, 2020 թվականին ՔԿ հիմնարկներում 4 անգամ նվազել են ազատազրկվածների մահացության ցուցանիշները (2019թ-ին 21, 2020թ-ին՝ 5 մահացության դեպքեր)։
Գնահատելով վերը հիշատակված ՊՈԱԿ-ի աշխատանքը՝ նախարարը նկատում է նաև. «ՊՈԱԿ-ի աշխատանքն արդյունավետ գնահատելու մեկ այլ գործոն է բուժօգնության կազմակերպման ձգձգումների բացառումը։ Եթե նախորդ տարիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման և օգնության ուղեգրով բուժօգնության կազմակերպումը (քաղաքացիական հիմնարկում բուժում ստանալու թույլտվությունը(խմբ.)) տևում էր շաբաթներ, ապա ներկայում տվյալ գործընթացը կազմակերպվում է ընդամենը մեկ օրում, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց անխոչընդոտ իրացնել առողջության պահպանման իրավունքը։» Եթե դիտարկենք, որ նույն վերնագրի տակ արված այս գրառումը վերաբերվում է նաև ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշի նվազմանը, ապա, ստացվում է, որ նախկինում (այդ թվում՝ 2019թ-ին) բուժօգնության կազմակերպման ձգձգումների պատճառով, խոչընդոտվել է ազատազրկվածների առողջության պահպանման իրավունքը, ինչի արդյունքում ունեցել ենք մահացության դեպքեր (21 մահացության դեպք 2019թ-ին)։ Մի կողմ եմ թողնում, որ ողջ գրառման առնվազն սույն՝ ինքնախոստովանական ցուցմունքի նմանվող տեքստը, պիտի առաջին հերթին հետաքրքրի նախարարին, այնուհետ՝ նաև իրավապահ մարմիններին՝ պարզելու համար պետության հսկողության տակ գտնվող ազատազրկվածների մահացության պատճառական կապը առնվազն նշված ձգձգումների և խոչընդոտների գործոնի հետ։
Սույն գրառման վերաբերյալ, «Լրագրողներ հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն պատրաստել էր հոդված, որտեղ ես նշել եմ, որ թվերն ու ցուցանիշները ոչինչ չեն նշանակում, եթե բացակայում է այս մահացությունների վերաբերյալ վերլուծությունը։ Կարծում եմ հասկանալի է, որ դժվար է կարծիք հայտնել բանտային առողջապահական ոլորտի բարեփոխումների ու ազատազրկվածների մահացության ցուցանիշի նվազման մասին, երբ բացակայում է դրանց միջև կապը բացահայտող վերլուծությունը, երբ բացակայում է վերլուծությունն այն մասին, թե ինչու էին մարդիկ մահանում և ինչ է փոխվել այսօր, որ ուղիղ կապվում է մահացության ցուցանիշների նվազման հետ։
Այս ամենին չէի անդրադառնա, եթե չլիներ նշված շատ «անմեղ» հոդվածին երկու օր առաջ նախարարի անդրադարձը, որտեղ նա «խորհուրդ է տալիս իրավապաշտպաններին տեղեկությանը լիովին տիրապետելուց հետո նոր հանրայնացնել իրենց կարծիքը»։ Այնուհետ, շատ համոզիչ պնդում է, թե «իր հայտարարությունն արվել է ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի համապատասխան ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ հիման վրա:» Եվ իրոք, նախարարը ներկայացնում է տարբեր տարիների ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ՝ գիստագրամներով (կից պատկերում)։ Դե ինչ, վստահ չեմ, որ կարծիքը հանրայնացնելու կորեկցիայի միտված «խորհուրդը» նախարարի, այն էլ արդարադատության նախարարի ասելիք էր։ Վստահ չեմ նաև, որ նախարարը տեղեկացված է «իրավապաշտպանների՝ տեղեկությանը լիովին տիրապետելու» հանգամանքից (ինչպե՞ս տեղյակ լինի, եթե առնվազն նախարարին կից հասարակական խորհուրդը, իր նշանակվելուց առ այսօր չի հավաքվել ո՛չ դեմ առ դեմ, ո՛չ առցանց եղանակով)։
Բայց այն, որ նախարարը շփոթում (կամ միտումնավոր շփոթեցնում) է մտածողության գործընթացները, սա անհանգստացնող է։ Իրերի համադրումն ու համեմատությունը ևս մտածողության գործընթացներ են, որոնք ներկայացնում են իրերի նմանություններն ու տարբերությունները, ծավալային տարբերությունները և այլն։ Իսկ վերլուծել, նշանակում է գտնել համադրվող ու համեմատվող երևույթների միջև զոգորդությունները, պատճառային կապերը։ Դե իսկ, ուսումնասիրությունը, այդ երևույթների հետազոտումն է, որ պիտի հանգեցնի վերլուծության, վերջինս էլ՝ եզրահանգումների։ Ուզում եմ հավատալ, որ նախարարն այս ամենը գիտի, բայց ցավալի է, որ միքանի թվերի պարզ համեմատությունը նրան է ներկայացվում վերլուծության անվան տակ։
Ինչևէ, բաց թողնելով ձևական տրամաբանության և ճանաչողական պրոցեսների հոգեբանության այս էքսկուրսը՝ ես արտահայտել ու հիմա էլ պնդում եմ հետևյալը (ի դեպ, խորհրդի կարգով).
1. Որևէ երևույթի նվազման կամ աճման վերաբերյալ անհրաժեշտ է հետազոտություն և վերլուծություն։ Բանտերում մահացության վերլուծությունը պիտի ունենա առնվազն հետևյալ բաժինները.
ա) մահացությունները դիտարկել Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով ամրագրված առնվազն Կյանքի և Խոշտանգումից (վատ վերաբերմուքնից) զերծ լինելու իրավունքների իրացման համատեքստում։ Որպես վերլուծության ցուցիչ դիտարկել առնվազն ՄԱԿ «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները» (Նելսոն Մանդելայի Կանոններ, առնվազն 24-35 կանոններ), ԵԽ Բանտային Կանոնները (IV բաժին), Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեի (ԽԿԿ) ու Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) զեկույցները՝ բանտերում մահվան դեպքերը հետաքննելու և վերլուծելու վերաբերյալ (օրինակ)։
բ) Պրոցեսուալ խնդիրներ։ Ինչպիսի գործառնություններ են առկա բանտերում, այդ թվում՝ պացիենտի իրավունքների պաշտպանության, գաղտնիության ապահովման, հիվանդությունների նախնական բացահայտման, կանխարգելման և բուժման համար և այլ։ Օրինակ՝ ՔԿ հիմնարկ մուտք գործելու պահից, ինչպես են դասակարգվում ազատազրկվածները (բացի ՔրԿատՕր-ի 68 և Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածների պահանջները), ինչպիս ռիսկեր են գնահատվում, ինչպես են դրանք կառավարվում, ինչ մասնագետներ են ներգրավվում, ինչ կարգով և այլն։
գ) Իրավական և գործնական խոչընդոտներ։ Ինչպիսի կարգավորումներ են առկա, որոնք խոչընդոտում են ճիշտ ժամանակին, ճիշտ միջոցներով և ճիշտ մարդկանց կողմից բուօգնության կազմակերպմանը, կամ ինչպիսի կարգավորումներ չկան, որոնք կօգնեին վերջինիս։ Օրինակ՝ բժիշկների մասնագիտական անկախության և մասնագիտական որոշումների գերակայության խնդիրը, որ լուծվեց ՊՈԱԿ-ի ստեղծումով, և ինչպես են փոփոխվել հարաբերությունները ՔԿՀ պետերի հետ ու ինչպես են դրանք հիմա ազդում բուժօգնության որակի վրա և այլն։
դ) Անձնակազմ։ Ովքեր են մասնագետները, քանիսն են, փակում են արդյոք բոլոր ՔԿ հիմնարկների առողջապահական խնդիրները, արդյոք կարողանում ենք ապահովել ատամնաբույժի, հոգեբույժի և հոգեբանի հասնաելիության/մատչելիության պայմանները, որ հանձնարարում է ԽԿԿ-ն։ Եթե չենք կարողանում, գտել ենք արդյոք տարբերակ տվյալ հիմնարկի տարածքում գործող, օրինակ, հոգեբուժներ հրավիրելու և ծառայություն մատուցելու ուղղությամբ։ Օրինակ, ինչպես ու ինչ հիմքով է փոխվել բուժօգնության որակը կոնկրետ ՊՈԱԿ-ում, երբ, ձեր իսկ վիճակագրությամբ, 171 հաստիքից ընդամենը 45-ն են նոր մասնագետներ, իսկ 2020-ին վերապատրաստվել է ողջ անձնակազմի ընդամենը 45%-ը։ Ինչ էին անում և ինչու էին անում այն մնացած մոտ 130 աշխատակիցները առաջ ու ինչու դա չեն անում կամ ավելին են անում հիմա, որ աճում կամ նվազում են մահացության դեպքերը։
ե) Այլ ռեսուրսներ, գործիքակազմ։ Ինչպիսի ռեսուրսներ են առկա բժշիկների համար։ Անգամ, եթե բոլոր բուժաշխատողների հաստիքները լրացված են, ինչպիսի մասնագիտական գործիքակազմ է կիրառվում, օրինակ, ինքնավնասումների, ինքնասպանությունների, հոգեկան առողջության կամ այլ «խնդիրների» կամ հիվանդությունների բացահայտման ժամանակ։
զ) Անհապաղ հետքաննություն։ Սա վերաբերվում է հենց բանտային վարչարարությանը՝ ներքին հետաքննություններին։ Սա որևէ կապ չունի հարուցված քրեկան գործերի հետ (որոնց, իհարկե, խիստ օգտակար պիտի լինեն նշված ներքին հետաքննությունները)։ Յուրաքանչյուր մահվան դեպքով հենց քրեկատարողական ծառայությունը պիտի պարզի մահվան պատճառները, նախորդող իրողություններն ու իրադարձությունները, միջավայրը և վերը թվարկված բոլոր կետերի կիրառման բացթողումները (հավանական)։
2. Վերլուծությունը պիտի կատարվի 3 մակարդակներով՝
1) Հորիզոնական՝ պատասխանելով «ինչը» հարցին։ Մասամբ այն, ինչ դուք փորձել եք անել՝ կատարել բնատարկյալների քանակի, մուտք ու ելքի, հիվանդ և առողջ ազատազրկվածների, տարբեր ՔԿՀ-ների տեսակների և ամեն ՔԿՀ-ում մահացության համեմատական վերլուծություն։
2) Ուղղահայաց և միջավայրային ՝ պատասխանելով «ինչու» հարցին։ Էստեղ մանրամասն պիտի վերլուծվեն անձի տարիքը, սեռը, հանցագործության տեսակը, հիվանդության առկայությունը, նախապատմությունը, բանտի ներսում կամ դրսում պարտքերի առկայությունը, բանտում անցկացրած օրերի քանակը, հիմնարկի տեսակը, մահը վրա հասնելու վայրը, եթե ինքնասպանություն է, նաև գործիքը, միայնակ կամ ոչ միայնակ լինելու հանգամանքը, հոգեբանահոգեբուժական ախտանիշների կամ հիվանդության առկայությունը և այլն։ Օրինակ, խիստ զարմանալի ու խնդրահարույց է, երբ մարդիկ ինքնասպանության են դիմում ՔԿՀ մուտք գործելուց օրեր անց՝ դեռևս կարանտինային խցում, երբ նրանք պահվում են բոլորից անջատ, չունեն «խանգարողներ», բոլոր մասնագետներն առավել հաճախ են այցելում, գտնվում է համեմատաբար ուշադրության կենտրոնում, դեռ չի «տարրալուծվել քրեականացված միջավայրում» և այլն։
3. Վերլուծությունը պիտի լինի, եթե ոչ միակ, ապա առանցքային այն ելակետը, որի հիմքով կարելի է կանխատեսել, դիցուք, բանտերում ազատազրկվածների մահացության առանձնահատկությունները և դինամիկան (կամ ռեգրեսը)։ Եթե չունես պատճառականության վերլուծություն, երբևէ չես կարող պնդել, որ, օրինակ, 2022թ-ի մայիսի 1-ի դրությամբ չես ունենա, դիցուք, 31 մահ (առավել ևս, երբ այս թվերի նվազումը չեք կապում այսօր ազատազրկվածների ընդհանուր թվաքանակի կտրուկ նվազման հետ)։
4. Եթե կա նման վերլուծություն, այն անհրաժեշտ էր (գիստագրամների փոխարեն կամ դրանց հետ համատեղ) տեղադրել գրառման մեջ՝ համապաատսխան հղմամբ։ Քաղաքացու՝ տեղեկացված լինելու իրավունքը պետական մարմնի համար պարտականություն է, և հարիր տեղեկատվության տրամադրումը «լավություն» չէ կամ «մեծահոգություն»։ Ավելին, ամբողջական և պատշաճ տեղեկատվության տրամադրումը ձեր իսկ կողմից որդեգրված բաց, թափանցիկ ու հաշվետվողական կառավարման համակարգի հիմքերից մեկն է։
Հ.Գ. 1
Այսուհանդերձ, երևի շնորհակալություն պիտի հայտնել ՀՀ արդարադատության նախարարին, որ, շաբաթ օրով, իր նախարարական (կամ սոցիալական այլ կարգավիճակի) ժամը ծախսել էր այսքան «ոչ քննադատական» ու ոչ շատ «հնչեղ» թեմային ու հոդվածին արձագանքելու վրա։
Հ.Գ. 2 Ես էլ երկուշաբթի օրն եմ ժամանակ հատկացրել ու սույն նամակ-աշխատությունը հանձնում եմ Ձեզ որպես անհատույց ներդրում՝ բանտային համակարգի բարեփոխումների գործում»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: